Հասմիկ Հարությունյանն ընտրվել է ՔԿՀ-ներում և ԱՆ մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող խմբի նախագահ
2018թ.-ի հուլիսի 12-ին տեղի ունեցած ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի աշխատանքային նիստի ժամանակ կայացել է նոր նախագահի ընտրություն:
Ինչպես տեղեկացնում են դիտորդների խմբից, խմբի նախագահ է ընտրվել «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը:
Հասմիկ Հարությունյանը կազմակերպության կողմից խմբում ընդգրկվել է 2013 թվականի հունվարից:
Հասմիկ Հարությունյանի կենսագրությունը
Հասմիկ Հարությունյանը 2011 թվականին ավարտել է Հայաստանում Ֆրանսիական Համալսարանի իրավաբանության ֆակուլտետը:
2011 թվականի Մարտ- հունիս ամիսներին ուսուցանել է ՀՀ Տարածաշրջանային ուսումնասիրությունների կենտրոնում:
2013 թվականին ավարտել է ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի կողմից իրականացված «Մարդու իրավունքներ և Ժողովրդավարացում» միջմասնագիտական մագիստրոսական ծրագիրը: Ծրագրի շրջանակներում 2012 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին սովորել է Կիևի Տառաս Շևչենկոյի անվան պետական համալսարանի իրավաբանության ֆակուլտետում: 2016 թվականից հանդիսանում է գիտությունների թեկնածուի հայցորդ ՀՀ Պետական կառավարման ակադեմիայում։
Հ. Հարությունյանը աշխատանքի է անցել «Իրավունքների պաշտպանություն առանց սահամանների» ՀԿ-ում 2012 թվականի մարտից՝ զբաղեցնելով իրավաբան-փորձագետի պաշտոնը:
2013 թվականի հունվարից կազմակերպության կազմից ընդգրկվել է ՀՀ Արդարադատության նախարարության Քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբում՝ որպես անդամ:
