Բաց համամասնական մոդելը ոչ միայն ձայն է տալիս կուսակցությանը, այլև ասում է, թե ինչպես կուսակցությունը պետք է բաշխի ձայները. Ա. Ռուստամյան (տեսանյութ)
Ընտրական կարգի հետ կապված մեր մոտեցումը բոլորին հայտնի է՝ կողմ ենք բաց համամասնական ցուցակով ընտրությանը: Այսօր ՀՀ ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով ստեղծված խորհրդարանական աշխատանքային խմբի հերթական նիստին նման տեսակետ հայտնեց ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Նա կարծում է, որ այս փուլում կարևոր է համեմատություն անցկացնել, քանի որ աշխարհում իդեալական մոդել չկա, ավելին՝ յուրաքանչյուր մոդել ինչ-որ խոցելի տեղ կունենա:
«Մեր առաջարկած մոդելը՝ բաց ցուցակով ընտրության գնալը, հիմնականում այն է, թե ինչպես են բաշխվում մանդատները կուսակցության ներսում: Բնականաբար բոլոր դեպքերում գործ ենք ունենում համամասնական կարգի հետ, որն ասում է, թե կուսակցությունները համամասնորեն ներկայացված են ԱԺ-ում, բայց հարց է առաջանում, թե ինչպես են ձայները վերածվում մանդատների ու բաշխվում: Այս առումով մեր առաջարկած մոդելի ամենամեծ առավելությունն այն է, որ սա անում է ժողովուրդը, այսինքն՝ ոչ միայն ձայն է տալիս կուսակցությանն, այլև ասում է, թե ինչպես կուսակցությունը պետք է բաշխի ձայները»,- ասաց Ռուստամյանը:
ՀՅԴ ղեկավարի կարծիքով՝ իրենց առաջարկած մոդելն աջակցում է նաև կուսակցությունների զարգացմանը, որովհետև, ըստ նրա, այսօր խնդիր կա նաև կուսակցությունների ներսում ժողովրդավարության հաստատման հարցում: Ռուստամյանի գնահատմամբ՝ ՀՀ-ում կուսակցական համակարգը դեռևս կայացած չէ:
«Այս խնդիրը լուծելու լավագույն ձևերից մեկը ժողովրդի մասնակցությամբ կատարելն է, ժողովրդավարությունը հենց սա է»,- ընդգծեց նա:
Արմեն Ռուստամյանը հավելեց, որ գործող ընտրական համակարգը խնդիր էր առաջացանում «քվոտաների» հետ կապված, իսկ ինքը համոզված է, որ քվոտաներն ինքնին ժողովրդավարական չեն: Նա հռետորական հարցադրում արեց՝ ով է որոշել, որ իրավունք ունի ժողովրդին ինչ-որ քվոտաներ ներկայացնել:
