«Ռուսաստանը չի միջամտել ԱՄՆ ընտրություններին». Պուտինը հրաժարվել է վերցնել ՌԴ քաղաքացիների դեմ մեղադրական փաստաթուղթը (տեսանյութ)
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն իր ամերիկացի պաշտոնակից Դոնալդ Թրամփի հետ հելսինկյան դեմառդեմ հանդիպումից հետո հարցազրույց է տվել Fox News հեռուստաալիքին, որի ժամանակ հիմնականում խոսվել է 2016թ. նոյեմբերին Միացյալ Նահանգներում կայացած նախագահական ընտրություններին ՌԴ հավանական միջամտության մասին:
Պուտինը շեշտել է, որ իր երկիրը «երբեք չի միջամտել ԱՄՆ-ի ներքին գործերին, այդ թվում՝ ընտրություններին»:
Երբ հաղորդավար Քրիս Ուոլիսը ՌԴ ղեկավարին ցույց է տվել օրեր առաջ ԱՄՆ արդարադատության նախարարության կողմից Ռուսաստանի 12 քաղաքացու դեմ ներկայացված մեղադրական փաստաթուղթը (վերաբերում է ընտրություններին միջամտությանը-tert.am) ու փորձել է այն տալ Պուտինին, վերջինս հրաժարվել է ու ձեռքի մի շարժումով հասկացրել, որ Ուոլիսը թղթերը պետք է դնի սեղանին:
«Դուք իրապե՞ս հավատացած եք, որ Ռուսաստանի տարածքից ինչ-որ մեկը կարող էր ազդել միլիոնավոր ամերիկացիների ընտրության վրա»,-հարց է հղել Պուտինը՝ հավելելով, որ «դա ուղղակի ծիծաղելի է»:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Միացյալ Նահանգների արդարադատության նախարարությունը դատախազ Ռոբերտ Մյուլերի կողմից 2016թ. ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրություններին Ռուսաստանի հավանական միջամտության վերաբերյալ տարվող հետաքննության շրջանակում նոր մեղադրանք է ներկայացրել Ռուսաստանի Դաշնության 12 քաղաքացու դեմ:
Միացյալ Նահանգների հետախուզությունը Կրեմլին մեղադրում է 2016թ. նախագահական ընտրություններին միջամտելու, դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի դեմ ուղղված տեղեկություններ հրապարակելու ու հանրապետական Թրամփի հաղթանակին աջակցելու համար:
Այդ հատվածը կարող եք դիտել 5-րդ րոպեին.
