Է. Մարուքյանը կողմ է Երևանի ավագանու ընտրություններին «Ելք» դաշինքով մասնակցելուն (տեսանյութ)
«Ելք» դաշինքում առաջիկա երկու շաբաթվա ընթացքում որոշում կկայացնեն Երևանի քաղաքապետի ընտրություններում առաջադրելու են միասնական թեկնածո՞ւ, թե՞ կուսակցությունները հանդես են գալու առանձին թեկնածուներով: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը: Անձամբ Մարուքյանը կողմ է, որ Երևանի ավագանու ընտրություններին «Ելք» դաշինքն ունենա միասնական թեկնածու:
«Դեռևս քննարկումներ չենք ունեցել, քանի որ երեկ չի կայացել նիստը, պետք է սպասել այն որոշմանը, որ կառավարությունը կրճատի ավագանու լիազորությունների ժամկետը։ Մինչ այդ, բնականաբար, կլինեն քննարկումներ, թե ինչպես մասնակցենք: Տարբերակները շատ են, կարելի է և՛ «Ելք»-ը պահպանել ու գնալ ընտրությունների, և՛ կարելի է գնալ առանձին-առանձին: Երկու պարագայում էլ ես հնարավորությունները տեսնում եմ, կքննարկենք, կլինի որոշում, որի մասին անպայման կտեղեկանաք»,- ասաց նա:
Մարուքյանի գնահատմամբ՝ այս ժամանակահատվածը ցույց է տվել, որ Երևանի ավագանու «Ելք» դաշինքը բավականին լավ է աշխատել, ավելին՝ արդարացրել է իրեն: Միևնույն ժամանակ նա շեշտեց, որ եթե միասնական գնալու որոշման չհանգեն, ապա «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն անպայման առանձին կմասնակցի Երևանի ավագանու ընտրությունների:
«Այո, միանշանակ, եթե չլինի ընդհանուր մասնակցություն, կլինի առանձին մասնակցություն մեր կողմից՝ բնականաբար հետագա համագործակցության տեսլականով»,-նշեց՝պատգամավորը, բայց չհստակեցրեց, թե ով կլինի իրենց թեկնածուն, քանի որ նման քննարկում դեռևս չի ծավալվել:
Ինչ վերաբերում է հարցին՝ արդյոք միասնական թեկնածուով հանդես գալը կախված է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության որոշումի՞ց, Էդմոն Մարուքյանն ասաց. «Բոլորիցս էլ կախված է, քանի որ բոլորով պետք է գանք կոնսենսուսի, որոշում կայացնենք, թե ինչպես ենք մասնակցում»:
Դիտարկմանը, որ «Ելք» խմբակցության ղեկավար ընտրելու հարցում դաշինքում կոմպրոմիս չեղավ, ավագանու դեպքում՝ կոմպրոմիսը հեշտ կտրվի՞, պատգամավորն արձագանքեց. «Խմբակցության ղեկավարի ընտրության հարցում քննարկում չենք ունեցել, այն հետաձգել ենք այլ կարևոր հարցեր քննարկելու նպատակով: Երևանի ավագանու առնչությամբ քանի որ ժամկետներով սահմանափակված ենք, այդ հարցը չի կարող չլինել քննարկման առարկա: Հետևաբար՝ մոտակա երկու շաբաթվա ընթացքում կլինի այդ քննարկումն ու որոշումը»:
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցությունը հայտարարել էր, որ հուլիսի 16-ին կայանալիք Երևանի քաղաքապետի ընտրություններին չի առաջադրելու թեկնածու և չի մասնակցելու Երևանի ավագանու համապատասխան նիստին։ «Ելք»-ը ևս հայտարարել էր ավագանու նիստին չմասնակցելու մասին: Հուլիսի 16-ին նիստը չկայացավ և քաղաքապետ չընտրվեց: