«Բանանցը» կմեկնի Երևան-Դուբայ-Սարաևո չվերթով
Հուլիսի 17-ին «Բանանցի» պատվիրակությունը սկսում է ուղևորությունը դեպի Բոսնիա և Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևո, որտեղ տեղի կունենա Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի «Սարաևոյի» դեմ պատասխան հանդիպումը:
Հիշեցնենք, որ Երևանում կայացած առաջին խաղում գրանցվել է 1:2 հաշիվը:
«Բանանցը» դեպի Սարաևո կմեկնի արտասովոր երկար ճանապարհով՝ Երևան - Դուբայ - Սարաևո չվերթով,- հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Այս երկու երկրների միջև ամենահեշտ ճանապարհը մեծաքանակ պատվիրակության համար այս օրերին սա է, և «Սարաևոյի» ֆուտբոլիստները նույնպես Երևան էին ժամանել նույն ուղով:
«Բանանցի» ֆուտբոլիստները Սարաևոյում կլինեն հուլիսի 18-ին, առավոտյան 07:00-ին, իսկ երեկոյան նախախաղային մարզում կանցկացնեն:
«Բանանցի» երիտասարդ կիսապաշտպան Կարեն Մելքոնյանը հետևյալն է ասել թռիչքից առաջ. ««Բանանցը» Երևանում լավ խաղ ցույց տվեց, սակայն ցավոք չկարողացավ հասնել ցանկալի արդյունքի: Չնայած դրան թիմում լավ, մարտական տրամադրություն է և լավատեսերոն ենք տրամադրված պատասխան խաղից առաջ: Սարաևո ենք մեկնում միայն հաղթելու նպատակով: Հավատում ենք, որ կկարողանանք հաջորդ փուլ դուրս գալ և հանդիպել իտալական «Ֆիորենտինային»»:
«Բանանցի» կազմում Սարաևո են մեկնում հետևյալ ֆուտբոլիստները.
Արամ Հայրապետյան, Անատոլի Այվազով, Վահագն Այվազյան, Էդվարդ Կպոդո, Բորիսլավ Յովանովիչ, Նարեկ Պետրոսյան, Արթուր Ավագյան, Սոլոմոն Իմե Ուդո, Կուասի Սիբո, Արամ Բարեղամյան, Արամ Լոռեցյան, Իգոր Ստանոևիչ, Օգնեն Կրասիչ, Նարեկ Գրիգորյան, Հակոբ Հակոբյան, Կարեն Մելքոնյան, Վալմերսոն Գարսիա Պրայա, Էրիկ Պետրոսյան, Լեսթեր Պելտիեր:
«Սարաևո» - «Բանանց» հանդիպումը տեղի կունենա Երևանի ժամանակով 22:15-ին (տեղական ժամանակով 20:15) և կցուցադրվի «Շանթի» ուղիղ եթերում: