Մերկելը ՆԱՏՕ-ի անդամ երկրներին կոչ է արել բարձրացնել պաշտպանության ծախսերը
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ՆԱՏՕ-ի անդամ երկրներին կոչ է արել բարձրացնել պաշտպանության ծախսերը՝ կապելով դա Դոնբասում իրավիճակի և Ղրիմը Ռուսաստանի հետ վերամիավորելու հետ: Համապատասխան տեսաուղերձը հրապարակվել է Գերմանիայի կառավարության խոսնակ և մամուլի գրասենյակի ղեկավար Շտեֆեն Զայբերտի Twitter-ում:
Մերկելի խոսքով՝ վերջին տարիների ընթացքում Հյուսիսատլանտյան դաշինքի առջև դրված մարտահրավերները կտրուկ փոխակերպվել են:
«Ղրիմի՝ Ռուսաստանի կազմի մեջ մտնելը և զինված հակամարտությունն Ուկրաինայի արևելքում կարևոր դեր են խաղացել ՆԱՏՕ-ի ընդունած արմատական փոփոխությունների ու որոշումների մեջ: Սա նշանակում է, որ մենք պետք է ակտիվորեն կենտրոնանանք Դաշինքի պաշտպանության վրա և համապատասխան միջոցներ ձեռնարկենք, օրինակ՝ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներում ներկայության միջոցով», - ասել է կանցլերը:
Ընդ որում, Մերկելը նաև ընդգծել է ՆԱՏՕ-ի անդամ պետությունների պաշտպանության բյուջեի ավելացման անհրաժեշտությունը:
Հիշեցնենք, որ Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 11-12-ը՝ Բրյուսելում:
Հուլիսի 11-ից 12-ը նախատեսված է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Բրյուսել, որի շրջանակներում նա կհանդիպի Եվրոպական միության ղեկավարության հետ:
