Կարեն Խաչանով․ Ջոկովիչի նկատմամբ տոնած հաղթանակը մոտիվացնում է ինձ
Ռուսաստանը ներկայացնող թենիսիստ Կարեն Խաչանովը պատմել է, թե ինչպես է իր վրա ազդել Փարիզի «Մասթերս» շարքի մրցաշարի եզրափակչում աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչի նկատմամբ տոնած հաղթանակը։
«Ինձ համար դա շատ մեծ հաջողություն էր, կարիերայիս ամենամեծ հաղթանակը։ Փարիզում հաղթեցի ATP վարկանիշային աղյուսակի լավագույն տասնյակի 4 ներկայացուցչի։
Հպարտանում եմ մրցաշարում ցուցադրածս խաղով։ Այդ հաղթանակն ինձ մոտիվացնում է ավելի շատ տիտղոսներ նվաճել։ Պարզապես հիանալի է, որ կարողանում եմ պայքարել Ռոջեր Ֆեդերերի, Ռաֆայել Նադալի, Նովակ Ջոկովիչի, Էնդի Մարեյի, Խուան-Մարտին դել Պոտրոյի նման թենիսիստների հետ։
Երբ փոքր էի, հետևում էի այս թենիսիստների խաղին, իսկ հիմա բարձր մակարդակով մրցակցում եմ նրանց հետ։ Փարիզի մրցաշարում Ջոկովիչին հաղթելուց հետո պարզապես անհավանական զգացողություններ ունեի։
Բնականաբար, այժմ ինձանից սպասելիքները շատ են։ Միշտ էլ ինչ-որ ճնշում կլինի, բայց ես պետք է փորձեմ հաղթահարել դա»,- Խաչանովի խոսքը մեջբերել է championat.com-ը։