Ավստրիայի կանցլերը հայտարարել է, որ պատրաստ է փոխանցել իշխանությունը
Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հայտարարել է, որ պատրաստ է իր կառավարությանը հայտնած անվստահությունից հետո իշխանությունը փոխանցել։ Ինչպես նշում է lenta.ru-ն, այս մասին նա հայտարարել է Ավստրիայի Հանրային հեռուստատեսության եթերում։
Կուրցը նշել է, որ իշխանության փոխանցման գործընթացը պետք է կանոնակարգված լինի։ Նա հայտնել է, որ պատրաստվում է դիմել երկրի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելլենին՝ ընդգծելով, որ խոսքը ոչ թե իր կամ իր կառավարության մասին է լինելու, այլ Ավստիրայի Հանրապետության։
Կանցլերը հավելել է, որ արտահերթ ընտրությունների վերաբերյալ վերջնական որոշումը պետք է ժողովուրդն ընդունի։
Հիշեցնենք, որ այսօր Ավստրիայի խորհրդարանի ստորին պալատը՝ Ազգային խորհուրդը, Կուրցի կառավարությանն անվստահություն է հայտնել, որն Ավստրիայում 1945թ․-ից ի վեր խորհրդարանի կողմից կանցլերին փոխելու առաջին դեպքն է։
Կուրցին անվստահություն հայտնելու հարցը բարձրացվել էր ընդդիմության կողմից՝ երկրում կառավարական ճգնաժամի ֆոնին, որին հանգեցրել էր երկրի՝ արդեն նախկին փոխկանցլեր և Ավստրիայի Ազատություն կուսակցության առաջնորդ Հայնց Քրիստիան Շտրախեի մասնակցությամբ սկանդալային տեսագրության հրապարակումը։
Քաղաքական սկանդալը սկիզբ էր առել մայիսի 18-ին։ Գերմանական լրատվամիջոցների հրապարակած տեսանյութում Շտրախեն և նրա օգնականը Իբիցայում հանդիպում են ռուս օլիգարխի ազգականուհու հետ։ Ենթադրվում է, որ վերջինս պետք է օգներ փոխկանցլերին հաղթել ընտրություններում, ինչի դիմաց նա խոստացել էր շինարարության ոլորտում կնոջը տրամադրել պետպատվերների մի մասը։
Սկանդալից հետո Շախտրեն հրաժարական էր տվել՝ պարզաբանելով, որ տեսանյութում ինքը հանդիպում է Լատվիայի քաղաքացու հետ, և որ այդ ամենը ծրագրված դավադրություն է։