Երևանում վիրավորում ստացած ոստիկանի վիճակը կայուն է. բուժող բժիշկ
Այսօր Երևանում վիրավորում ստացած ոստիկանի ընդհանուր վիճակը կայուն է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի նյարդավիրաբույժ Ալեքսանդր Վարոսյանը, ով ոստիկանին բուժող բժիշկն է:
Նրա խոսքով՝ ոստիկանի մոտ ախտորոշվել է գլխուղեղի ցնցում, գլխի գագաթային շրջանի հատվածի սալջարդ վերք:
«Կատարվել է վերքի առաջնային վիրաբուժական մշակում, հիմա վիճակը կայուն է, գտնվում է հսկողության տակ, ստանում է կոնսերվատիվ բուժում»,- նշեց նա և հավելեց, որ հիվանդը հարված է ստացել գլխի գագաթային հատվածին:
«Կատարվել է վերքի առաջնային վիրաբուժական մշակում, դրվել են հանգուցակարեր ու շտապ կատարվել է գլխուղեղի համակարգչային տոմոգրաֆիա զննություն, որի արդյունքում բարեբախտաբար, գլխուղեղում տրավմատիկ բնույթի փոփոխություններ չեն հայտնաբերվել, գլխուղեղի ցնցում է եղել»,- ասաց նա՝ ավելացնելով, որ ոստիկանը հիվանդանոցից դուրս կգրվի երկու-երեք օրվա ընթացքում:
Հիշեցնենք, որ այսօր ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արաբկիրի պահպանության բաժնի գիշերային ծառայություն իրականացրած կարգախմբերից մեկի ոստիկանները «Հաղթանակ» զբոսայգու մուտքի մոտ նկատել են երկու անձի։ Ոստիկանության ծառայողները հետապնդել են նրանց և Ազատության պողոտայում բռնել։ Բռնված անձինք դիմադրել են։ Այդ ընթացքում նրանցից մեկը խլել է ոստիկաններից մեկի հաշվեցուցակային ատրճանակն ու կրակել նրանցից մեկի վրա, ինչպես նաև ատրճանակի բռնակով հարվածել մյուս ոստիկանին։ Վերջիններս դեպքի վայրից դիմել են փախուստի։ Ստացած հրազենային վնասվածքի հետևանքով՝ Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկան, 38-ամյա Տիգրան Առաքելյանը մահացել է: