Գերմանիայում Սկրիպալների գործով կասկածյալների դեմ հետաքննություն է սկսվել
Գերմանիայի քրեական գործերով դաշնային գերատեսչությունը և գլխավոր դատախազությունը նախնական քննություն են սկսել Սկրիպալների գործին ներգրավված անձանց նկատմամբ: Այս մասին հաղորդում է Коммерсант-ը՝ վկայակոչելով գերմանական Spiegel Online-ը:
Գերմանական լրատվամիջոցի աղբյուրների փոխանցմամբ՝ քննության ընթացքում պարզվել է, որ Գլխավոր հետախուզական վարչության ենթադրյալ աշխատակիցները, որոնք հայտնի են Ալեքսանդր Պետրով և Ռուսլան Բոշիրով անուններով, 2014-ին 3 օր են անցկացրել Ֆրանկֆուրտից ոչ հեռու:
Աղբյուրների հաղորդմամբ՝ քննությունը ստացել է «Նովի» կոդավորված անվանումը: Գերմանացի իրավապահները ենթադրում են, որ Ալեքսանդր Պետրովի և Ռուսլան Բոշիրովի հետ փոխկապակցված հետախուզական ստորաբաժանումները Գերմանիայում կարող են կապեր ունենալ:
Նշվում է, որ ԳԴՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել այս տեղեկությունը:
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսման համար ՌԴ-ում դատապարտված Սերգեյ Սկրիպալն ու նրա դուստրը 2018-ի մարտի 4-ին թունավորվել են իրենց տան բռնակին քսված նյարդապարալիտիկ նյութով: Պաշտոնական Լոնդոնը պնդում է, որ հարձակման հետևում կանգնած է Մոսկվան: Ռուսաստանը կտրուկ հերքում է մեղադրանքը:
Ավելի ուշ բրիտանական կողմը հայտարարել է, որ Սկրիպալների թունավորման գործում գլխավոր կասկածյալներ Ալեքսանդր Պետրով ու Ռուսլան Բոշիրով անուններով ներկայացող անձինք Գլխավոր հետախուզական վարչության գաղտնի գործակալներ են: