Անդրանիկ Քոչարյանն իր տեսակով թիմի անդամ չի կարող դառնալ, իսկ Խաչատուր Սուքիասյանը «ղզիկ» է. Ռուբեն Հայրապետյան (տեսանյութ)
Անդրանիկ Քոչարյանն ինձ անձնական վիրավորանք է հասցրել, բայց ես նրան չեմ վիրավորի, «Անդոյին» ուզում եմ միայն մեկ բան ասել՝ ինչպես կասեր իր տերը՝ ա՛յ վախկոտ, պետք չէր այդքան շուտ ցույց տայիր քո դեմքը։ Այս մասին «Երկիր մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդման ժամանակ ասել է ՀՖՖ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը՝ պատասխանելով ԱԺ «Իմ քայը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի ֆեյսբուքյան գրառմանը, թե Հայրապետյանը պետք է հայտնի այն անձի անունը, ով Անդրանիկ Քոչարյանի անունից խոսել է Ռուբեն Հայրապետյանի հետ։
«Ես երբեք չէի ուզենա անդրադառնալ Անդրանիկ Քոչարյանին, որովհետև հիմա մեր երկրում ով չի ալարում՝ նրան քննադատում է։ Միայն մեկ պարզ պատճառով եմ ուզում պատասխանել նրան, որովհետև նա ապրիլյան պատերազմի հանգամանքները վերահսկող հանձնաժողովի նախագահն է։ Ես նրան չեմ վիրավորի, ինքն անձնական վիրավորանք է հասցրել ինձ, բայց ես Անդոյին ուզում եմ մի բան ասել՝ ինչպես կասեր իր տերը, ա՛յ վախկոտ ... պետք չէր այդքան շուտ ցույց տայիր քո դեմքը։ Ես զգուշացնում եմ, որ ինքը վախկոտ է»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ Ռուբեն Հայրապետյանը 168.am–ին տված հարցազրույցում ասել էր, թե Անդրանիկ Քոչարյանն ընդհանուր ընկերոջ միջոցով Ռուբեն Հայրապետյանին փոխանցել է, որ լքի Հայաստանը, այլապես նրան շուտով կձերբակալեն։ Գրառմանը պատասխանել էր Անդրանիկ Քոչարյանը՝ նշելով, որ նախաքննության ընթացքում դեռ առիթ կլինի ասելու, թե ով է այդ «ընդհանուր ընկերը», որ Ռուբեն Հայրապետյանին նման բան է փոխանցել։
Հայրապետյանը հավելեց, որ չի վիրավորում նրան, այլ զգուշացնում է հանրությանը․ «Անդրանիկ Քոչարյանը կանչելու է հարցաքննության․մեղք է ինքը, (նկատի ունի նրան, ով Քոչարյանի անունից իրեն զգուշացրել է հեռանալ երկրից Tert.am)։ Ես, որ իմանայի տենց վախենալու է, իրականում անունը չէի տա, ես մտածում էի՝ ինքը որպես նախկին ընկեր, իրեն կյանքը փրկած մարդուն լավություն է ուզեցել անի»,- նշել է նա։
Հայրապետյանն ընդգծել է, որ սարսափում է այն մտքից, որ Անդրանիկ Քոչարյանը պետք է հարցաքննի լեգենդար գեներալ Յուրի Խաչատուրովին, կամ Արցախի հերոս Սեյրան Օհանյանին։ «Գիտե՞ք ինչ վատ բան է, այդ վախկոտը, որը միանգամից վախեցավ ու մեղկալու հարցազրույց տվեց այն մարդու մասին, որը չեմ ուզում ասել՝ ինչեր է արել նրա համար․․․ Ամենացավալին ինձ համար այն է, որ կարող է վերջում լսեմ հանկարծ, որ Մնացականյան Լյովային հրավիրել է հարցաքննության, այս ժողովուրդը դա պե՞տք է հանդուրժի»,- նշեց նա։
Հարցին՝ հարցազրույցի այդ հատվածում հայտարարած միտքը, թե Անդրանիկ Քոչարյանը փոխանցել է հեռանալ երկրից, դիտվեց որպես «Իմ քայլի» թիմում պառակտում մտցնելու փորձ, Հայրապետյանը պատասխանեց. «Դուք ուզում եք ասել` Անդրանիկ Քոչարյանը որևէ թիմի անդա՞մ է։ Նիկոլ Փաշինյանն ունի թիմ, բայց Անդրանիկ Քոչարյանն իր տեսակով թիմի անդամ չի կարող դառնալ։ Նայեք, թե ով է եղել կենսագրության մեջ։ Ինքը դավաճանել է Վազգեն Մանուկյանին, Լևոն Տեր-Պետրոսյանին․․․ չթվարկեմ էլի, տեսեք, այդ մարդը քանի ճանապարհ է փոխել։ «Իմ քայլում» մտածում են Անդրանիկ Քոչարյանը կարող է իրենց թիմի անդամ լինե՞լ։ Համբերենք, կտեսնենք, կյանքը ցույց կտա՝ Անդրանիկ Քոչարյանն ինչ է անելու իրենց թիմի հետ»։
Անդրադառնալով գործարար Խաչատուր Սուքիասյանի հետ հեռահար բանավեճին՝ Ռուբեն Հայրապետյանն ասաց․ «Այդ ղզիկի մասին ես ոչինչ չեմ խոսի»։
Հիշեցնենք, որ Ռուբեն Հայրապետյանը 168.am–ի հետ զրույցում անդրադարձել էր նաև գործարար Խաչատուր Սուքիասյանին և ժամանակին նրան պատկանած «Բջնի» հանքային ջրի գործարանը ձեռք բերելուն վերաբերող մանրամասներին։ Խաչատուր Սուքիասյանը պատասխանել էր Ռուբեն Հայրապետյանին՝ նշելով, որ այն, ինչ նա ասել է, սուտ է և չի համապատասխանում իրականությանը․ Խաչատուր Սուքիասյանն արձագանքել էր Ռուբեն Հայրապետյանին:
Մանրամասները` տեսանյութում: