Արարատ Միրզոյանը պարգևատրումներով փորձում է կաշառել իր հետ աշխատող պատգամավորներին, որպեսզի հարգեն իրեն. Աղասի Ենոքյան
Այն, ինչ կատարվեց «Ժողովուրդ» օրաթերթի հետ, ինչ կատարվեց «5-րդ ալիք»-ի տնօրենի հետ, ինչ կատարվեց ԵՊՀ ՈւԽ նախագահի հետ պատահական երևույթներ չեն: Սրանք պարզապես խորացնում են այն վախի և բռնության մթնոլորտը, որն այս վարչախումբը ցանկանում է հաստատել Հայաստանում: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման ընթացքում ասաց «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը՝ նշելով, որ այդ գործողություններից իրենք ևս անմասն չեն մնացել:
«Գործողությունները հասան մեզ: Սերգեյ Չամանյանին դեռևս անհայտ պատճառներով Առողջապահության նախարարը դատի է տվել: Հետաքրքիր է, որ Սերգեյն այս մասին իմանում է ավելի ուշ, քան «Հայկական ժամանակ»-ի թղթակիցը, ով ցանկանում է մեկնաբանություն վերցնել նրանից»,- նշեց Ենոքյանը՝ հավելելով, որ սոցցանցերից տեղեկանում է, որ սա առաջին դեպքը չէ, երբ ներկայացված դատական հայցերի մասին ավելի շուտ իմանում է «Հայկական ժամանակը», քան այն անձը, ում դեմ ներկայացվել է հայցը:
«Ես խոսեցի Սերգեյի հետ և ասացի, որ երևի թե պատճառն այն է, որ չես հարգում Թորոսյան Արսենին: Նա ինձ պատասխանեց՝ ինչո՞ւ հարգեմ»,- նշեց Ենոքյանը և հավելեց, որ այսօր շատ պաշտոնյաներ չունեն քաղաքական հետագիծ և հայտնվել են ինչ-որ պաշտոնների ու պիտի աշխատեն:
«Նիկոլ Փաշինյանը մի անգամ նշեց, որ պետական համակարգը չի աշխատում: Ես կարծում եմ, որ դա նրանից է, որ պետական համակարգում հայտնվել են մարդիկ, որոնք անհայտ են հասարակությանը: Նրանք ստեղծել են իրենց գործիքները և կառավարում են դրանցով»,-ասաց «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավարը՝ հավելելով, որ այդ գործիքներին են վախի մթնոլորտի ստեղծումը, բռնության գործադրումը, պարգևատրումները:
«Օրինակ, Արարատ Միրզոյանը, ով պարգևատրվել է 4-5 անգամ. գնացեք, հարցրեք նրան ճանաչողներից՝ ով էր նա մինչև հեղափոխությունը: Շատ դժվար է գտնել այն եզրերը, որոնց համար պետք է հարգել նրան: Այդ պատճառով նա փորձում է կաշառել իր հետ աշխատող պատգամավորներին, որպեսզի հարգեն իրեն»,-ասաց նա և հավելեց, որ այդ կերպ Միրզոյանը նպատակ ունի ստեղծել մի վիճակ, ըստ որի՝ եթե պատգամավորներն իրեն հնազանդ լինեն, փող կստանան»:
Անդրադառնալով նախարարներին՝ Ենոքյանը նշեց, որ որոշ նախարարների դեպքում մենք նրանց մասին լսել ենք միայն նրանց անունների հետ կապված սկանդալների առնչությամբ: