Պետք է հետևենք Գեորգի Կուտոյանի մահվան գործի քննությանը, հետևողական կլինենք, որ բացահայտվի. Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
Շատ ցավալի է Գեորգի Կուտոյանի մահը, ցավակցում եմ Կուտոյանների ընտանիքին, հարազատներին, ընկերներին։ Քննություն է ընթանում, պետք է հետևենք քննությանը, եթե ուզում ենք նորմալ, իրավական երկիր ունենանք, պետք է աշխատենք, որ առաջինն ինստիտուտները զարգանան, և ինստիտուտների տված տեղեկատվության հիման վրա վերլուծություններ անենք։ Այս մասին այսօր ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի հոգեհանգստի ժամանակ ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
ԱԺ պատգամավորը նշեց, որ պետք է սպասել, որ նախաքննության ընթացքին: «Փորձաքննություն կա նշանակված, ամեն րոպե ինչ-որ բան ասելու չէ, պարզ է` հասարակական պահանջը մեծ է, մեր պահանջն էլ է մեծ, բոլորս հետևողական ենք լինելու, որ հասկանալի, պատճառաբանված արդյունք տեսնենք, կհետևենք բոլորս, արդյունքների մասին կտեղեկանանք»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է Գեորգի Կուտոյանի հետ շփումներին, ապա Մարուքյանը նշեց, որ երբ Կառավարման ակադեմիայում ունկնդիր է եղել, Կուտոյանը նոր էր թեկնածուականը պաշտպանել և սեմինար էր կարդում. «Մեզ սեմինար է կարդացել, հետո արդեն շփվել ենք գործի բերումով՝ որպես ԱԱԾ տնօրեն, որպես պատգամավոր, այդպես»։
Հարցին՝ տարօրինակ չէ իր համար 3 նախկին պաշտոյաների մահը, Մարուքյանը պատասխանեց․ «Ես ոչ մի բան չեմ կարող ենթադրել, ես հետևում եմ քննությանը։ Ցանկացած ինքնասպանություն, ցանկացած սպանություն, ցանկացած նմանատիպ դեպք, տարօրինակ է, բայց դա չի նշանակում, որ պետք է հետևություններ անել դրանից, կոնսպիրացիաների մեջ ընկնել, ես այդ ուղղության մեջ չեմ»։
Անդրադառնալով ատելության մթնոլորտին, Էդմոն Մարուքյանն ասաց, որ Հայաստանում դրական չէ, դրսից ՀՀ-ում իրադրությանը հետևող ցանկացած մարդ լավ հետևություններ չի անում, և դա ազդելու է ամեն ինչի վրա. «Ես կարծում եմ, որ բոլոր պետական այրերով և քաղաքական գործիչներով գլուխ գլխի տանք և մթնոլորտը փոխենք դեպի դրականը»։ Ինչ վերաբերում է գործի բացահայտմանը, Մարուքյանն ասաց, որ պետք է հուսալ, որ կբացահայտվի և իրենք դրանում հետևողական են լինելու. «Մենք մեր տեղը հետևողական կլինենք, որ բացահայտվի»։
Մանրամասները` տեսանյութում: