Էրդողանը չպետք է Եվրամիության նկատմամբ ճնշում գործադրի՝ շահարկելով միգրացիոն խաղաթուղթը. Մերկել
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը համարում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չպետք է Եվրամիության նկատմամբ ճնշում գործադրի՝ շահարկելով միգրացիոն խաղաթուղթը: Այս մասին նա հայտնել է երկուշաբթի Բեռլինում, հաղորդում է ТАСС-ը՝ հղում տալով DPA գործակալությանը:
Կանցլերի խոսքով՝ թուրք առաջնորդը «ներկայումս բավարար աջակցություն չի զգում»: Սակայն, նույնիսկ դա հաշվի առնելով, «միանգամայն անընդունելի է այն վճռել փախստականների հաշվին», հավելել է նա:
«Փախստականները հայտնվել են մի իրավիճակում, երբ հարկադրված են գնալ սահմանի ուղղությամբ, և հայտնվել են փակուղում»,-Մերկելի խոսքերն է մեջբերել գործակալությունը:
Նույնանման տեսակետ է հայտնել նաև Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Հեյքո Մաասը. «Մենք տեսնում ենք, թե ինչ ծանր բեռ է կրում Թուրքիան, սակայն պետությունը պետք է շարունակի ԵՄ-ի հետ համաձայնագրի շրջանակում իր պարտավորությունների կատարումը: Եվրամիությունն իր ներդրումն է անում, որ փախտականները Թուրքիայի տարածքում արժանապատիվ պայմաններում մնան: Մենք չենք կարող թույլ տալ, որ նրանք (փախստականները) աշխարհաքաղաքական խաղերի առարկա դառնան»,- գրել է նախարարը թվիթերյան իր էջում:
ԵՄ-ի և Թուրքիայի միջև 2016-ի մարտի 20-ից համաձայնագիր է գործում, ըստ որի՝ Անկարայի իշխանությունները պարտավոր են հետ ընդունել բոլոր փախստականներին, որոնք ապօրինի կերպով շարժվում են դեպի ԵՄ: Հենց այդ համաձայնագրի շնորհիվ զգալիորեն նվազել է փախստականների հոսքը դեպի Գերմանիա: