Հայտարարում եք՝ նպատակ ունենք աջակցել համայնքների կարողությունների ավելացմանը, իսկ ԱԺ-ում խոչընդոտում եք նման նախագծերի ընդունմանը. Հայկ Խանումյանը՝ Աշոտ Ղուլյանին
Արցախի նախագահի թեկնածուների բանավեճին թեկնածուներից Հայկ Խանումյանը Աշոտ Ղուլյանին ասաց, որ վերջինս իր քարոզարշավի ընթացում ասել է՝ նպատակ ունեն աջակցել համայնքների կարողությունների ավելացմանը:
«Այդ դեպքում ինչո՞ւ եք դեմ քվեարկել կամ խոչընդոտել ԱԺ-ում համայնքների կարողությանն ուժեղացմանն ուղված նախագծերի ընդունմանը: Օրինակ՝ ՏԻՄ մասին օրենքում փոփոխության կամ համայնքային ճանապարհների եկամուտների ավելացնելու նախագծերը, 5 տարի դեմ եք եղել, հիմա կո՞ղմ եք դարձել»,- հարցրեց Խանումյանը:
Աշոտ Ղուլյանն էլ նշեց, որ իրենց ծրագրերի մեջ դա եղել է նույնիսկ այն ժամանակ, երբ Խանումյանն ԱԺ պատգավոր չէր: «Հարցն այն է, որ Դուք այդ առաջարկները ներկայացրել եք, դրանք պետք է լինեին փաթեթով՝ ՏԻՄ լիազորություններրի մեջ համապատախան փոփոխություն առաջարկելով, որ չստացվի՝ մենք ինչ-որ իրավասություն ենք տալիս, բայց դրա տակ գումար չկա: Ինչ մնում է համայնքային ճանապարհների բարելավման առաջարկին, քանի որ դա կապված է եղել այն գումարի հետ, որն անորոշ էր, կարող էր լինել կարող էր չլինել, ապա դա այդպես էլ մնացել է»,- ասաց Ղուլյանը:
Վերջինս հավելեց, որ ինչ իրենք ասում են, ասում են՝ հիմնովին: «Եթե ժամանակին մենք դրա հնարավորությունը չենք ունեցել, ապա այսօր իսկապես ունենք: Չնայած ես հիմա մի քիչ էլ կասկածում եմ, որ մեր տնտեսական զարգացման հիմքերը կորոնավիրուսից հետո թույլ է տալու մեզ իրականացնել այդ և մյուս կարգի ծրագրեր»,- նշեց նա:
«Այդ հնարավորությունները միշտ էլ ունեցել ենք, ուղղակի դա եղել է կենտրոնական բյուջեում, մենք առաջարկել ենք ապակենտրոնացում: Դուք հինգ տարի շարունակ դեմ եք եղել, հիմա եկել եք, ծրագրերում ներկայացնում եք»,- հակադարձեց Խանումյանը:
Աշոտ Ղուլյանն էլ հորդորեց իրավիճակը ճիշտ ներկայացնել: Նա հավելեց, որ ապակենտրոնացումն իրենց ծրագրերում եղել է 2005 թվականից: