Ունեմ անցած փորձ՝ բավականին նորմալ և գոհ եմ իմ անցած ճանապարհից. Արայիկ Հարությունյան (տեսանյութ)
Արցախի նախագահի թեկնածուների բանավեճին թեկնածուներից Վիտալի Բալասանյանը Արայիկ Հարությունյանին ասաց, որ վերջինս երեկ հայտարարել է, որ Արցախում լավագույն ռազմական գործիչներից է և հարցրեց. «Դուք 2007 թվականից մինչև 2018 եղել եք վարչապետ, պետնախարար և քաղպաշտպանության շտաբի պետ, 2016 թվականին ի՞նչ գործողություններ է կատարել քաղպաշտպանության շտաբը»:
Արայիկ Հարությունյանը պատասխանեց, որ չի ասել լավագույն ռազմական գործիչն է. «Ասել եմ՝ ես էլ ունեմ անցած փորձ, բավականին նորմալ, և գոհ եմ իմ անցած ճանապարհից, ասել եմ՝ զինատեսակներին ծանոթ եմ բոլորից ոչ պակաս, դա չի նշանակում, որ բոլորից լավ եմ իմանում, դա չեմ շահարկել»,- նշեց նա:
Իսկ թե ինչ է արել քաղպաշտպանության շտաբը, Հարությունյանն ասաց, որ կատարել է այն, ինչ պահանջվում էր: «Մենք չունեինք տարհանման հետ կապված քաղաքական որոշում, մինչև այսօր էլ չունենք, թե ցանկացած իրավիճակում ինչպես պետք է անցկացնենք քաղպաշտպանություն, իսկ քաղպաշտպանության իրականացման առաջին հարցը տարհանում իրականացնո՞ւմ ենք, թե՞ չէ: Այդ որոշումը քաղպաշտպանության շտաբի պետինը չէ, այդ որոշումը քաղաքական որոշում է, իսկ հաշվի առնելով այն ժամանակվա ստեղծված իրավիճակը՝ որոշել ենք, որ ավելի շատ մենք պետք է իրականացնեք տեղական բնույթի առաջադրանքներ, եթե ռմբակոծությունը, հրթիռակոծությունը լինի մասսայական ու բնակավայրերի վրա, այդ ժամանակ հստակ որոշում կկայացնեինք»,- նշեց նա:
Արայիկ Հարությունյանն ընդգծեց՝ վերջին 10 տարիների կառուցվող բոլոր շենքերը թաքստոցներով են: «Մյուս կողմից էլ, մեր ամենակարևոր խնդիրը պարենային անվտանգությունն և թիկունքի ապահովման աշխատանքներն էին, ինչով էլ զբաղվում էինք»,- նշեց նա: