Հինգ դեպքով հանցագործության մասով հաղորդում ենք ներկայացրել Արցախի Հանրապետության դատախազություն. Դանիել Իոաննիսյան (տեսանյութ)
Արցախի նախագահի ընտրության ընթացքում եղել են մեծ թվով քվեաթերթիկ նկարողներ բոլոր ընտրատեղամասերում: Հինգ դեպքով ԱՀ-ի դատախազություն հաղորդում ենք ներկայացրել: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ղեկավար Դանիել Իոաննիսյանը՝ խոսելով Արցախում տեղի ունեցած ընտրությունների մասին:
Իոաննիսյանը խնդիր տեսավ նրա մեջ, որ կան իրենց քվեաթերթիկը նկարող անձիք: «Շատ ահազանգեր ենք ունեցել քվեաթերթիկ նկարելու մասով, սա մտահոգիչ է այն առումով, որ մեկ-երկու հոգի չեն դա անողները, այն արդեն կրում է համատարած բնույթ, երբ այն գալիս է բոլոր ընտրատարածքներից, երբ այդ ինֆորմացիան բավական ծավալուն է լինում, դա ակամայից բերում է այլ երևույթների մասին տրամաբանական եզրահանգումներ անելուն»:
«Որոշ ընտրական հանձնաժողովի նախագահներ, մեր դիտորդների հարցերին, թե ինչու քվեաթերթիկ նկարելու դեպքով Ոստիկանության չդիմեցիք, պատասխանում են՝ հրահանգված է, որ այդ դեպքերով Ոստիկանություն չդիմել, սա մտահոգիչ է, որովհետև քրեական օրենսգիրքն ասում է, որ քվեաթերթիկ նկարելը հանցագործություն է, եթե այն հետապնդել է որոշակի նպատակներ և այդ նպատակները կարող են պարզվել միայն պետական մարմինների քննության արդյունքում»,- ներկայացրեց նա և հավելեց, որ նախագահներին նման հրահանգ տալը խանգարում է խախտումների դեպքում դրանց բացահայտմանը:
Նա նշեց, որ ոչ էական խախտումներ ևս եղել են, և հինգ դեպքով հանցագործության մասով հաղորդում են ներկայացրել Արցախի Հանրապետության դատախազություն, ըստ Իոաննիսյանի՝ այս խախտումներն այդքան էլ չեն կարողանա ազդեցություն ունենալ ընտրության բուն գործընթացի վրա, որովհետև հիմնականում խախտումները եղել են դիտորդի աշխատանքը խոչնդոտելու տեսքով, որոնք կասեցվել են:
«Քվեարկության գաղտնիության հետ կապված խնդիրների մասով մենք դեռ պետք է ամփոփենք այդ տվյալները, այսինքն՝ պետք է ամբողջական ստանանք և հասկանանք, թե ինչ գնահատական ենք տալու»,- նշեց Իոաննիսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: