Կարծում եմ՝ ակնհայտ է, որ Փաշինյանի կնքահոր ազգականին պատկանող ընկերությունը, որտեղ նա ի դեպ միանձնյա բաժնետեր է, Էտալոն Գրուպի հետ գործել է համագործակցված. Դավիթ Խաժակյան (լուսանկար)
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և ի հավելում լուսանկար ներկայացրել իր այսօրվա տեսաուղերձին: Խաժակյանի գրառումը՝ ստորև.
«Եթե դեռ կարծում եք, որ համայնքային և պետական մրցույթներին մասնակցելիս բանկային երաշխիքի փաստաթղթի կեղծումը և այդպիսով հանրությանը խոշոր վնաս հասցնելը մասնակցի արկածախնդրության դրսևորում է, առանց համակարգվածության, ապա խնդրեմ, ընթերցեք այս նոր տեղեկությունը։
Տեսանյութովս ներկայացրել էի, որ Էտալոն Գրուպ և Ռաշն Վոյաժ ՍՊԸ-ները ըստ իս փոխկապակցված են։ Այժմ ներկայացնում եմ այդ փոխկապկցվածության ևս մի դրվագ։
Ռաշն Վոյաժ ՍՊԸ-ն մասնակցում է բազմաբնակարան շենքերի շքամուտքերի վերանորոգման մրցույթին և ակնկալում շահել շուրջ 650 միլիոն դրամի պայմանագիր։ Ներկայացնում է բանկային կեղծ երաշխիք։
Էտալոն Գրուպ ՍՊԸ-ն մասնակցում է ՆՈՒՅՆ մրցույթին որպես տեխնիկական վերահսկող։ Կրկին ներկայացնում բանկային կեղծ երաշխիք:
Կարծում եմ ակնհայտ է, որ Փաշինյանի կնքահոր ազգականին պատկանող ընկերությունը (սա արդեն հաստտատված է քաղաքապետի ժ/պ Ղալումյանի հայտարարությամբ), որտեղ նա ի դեպ միանձնյա բաժնետեր է, Էտալոն Գրուպի հետ գործել է համագործակցված։
Ղալումյանների ազգականը պետք է շահեր շինարարական աշխատանքների մրցույթը, մյուսը իրականացներ դրա տեխնիկական հսկողությունը։
Ինձ համար մեծ հարցական է նաև, թե ինչո՞ւ է Երևանի քաղաքապետարանն ԱՅՍՕՐ 11:30 (հիշեցնեմ որ ուղիղ եթերս հեռարձակվեց այսօր 11:00) հրավիրում մրցութային հանձնաժողովի նիստ և միայն այսօր մրցույթը հանձնում մյուս մասնակցին»։