Թբիլիսին և Բաթումին հայտնվել են «Քովիդ-19»-ի առումով 2020-ի ամենաանվտանգ եվրոպական զբոսաշրջային ուղղությունների ցանկում
Վրաստանի քաղաքներից երկուսը՝ Թբիլիսին և Բաթումին, հայտնվել են Եվրոպայում 2020-ին ճանապարհորդելու ամենաանվտանգ ուղղությունների ցանկում, որը կազմել են uropean Best Destinations (EBD) զբոսաշրջային ուղեցույցի մասնագետները:
Ինչպես հայտնում է Новости-Грузия-ն, Թբիլիսին գլխավորել է այդ ցանկը, իսկ Բաթումին հայտնվել է 7-րդ հորիզոնականում: Ընդհանուր առմամբ, վարկանշային ցանկում 20 ուղղություն է ներառվել, որոնք ամենաանվտանգն են կորոնավիրուսի տարածման տեսանկյունից:
Ինչպես նշվում է, այդ բոլոր երկրներում հատուկ արարողակարգեր են սահմանվել, որոնք վերաբերում են հիգիենայի և անվտանգության միջոցառւմների պահպանմանը հյուրանոցներում, ռեստորաններում կամ խանութներում:
Որպես մեկ այլ առավելություն նշվում է հիվանդանոցներում առկա տեղերը: Վրաստանում 1000 բնակչի համար նախատեսված հիվանդանոցային մահճակալներն ավելի շատ են, քան Շվեդիայում և Դանիայում:
Ցանկի հեղինակները նշում են, որ ընտրված ուղղություններին հաջողվել է զսպել համաճարակի տարածումն արագ արձագանքման շնորհիվ:
Վրացական քաղաքներից բացի, «Քովիդ-19»-ի առումով անվտանգ ուղղությունների ցանկում ընդգրկվել են նաև Կորֆուն (Հունաստան), Զագրեբը (Խորվաթիա), Ազորյան կղզիները (Պորտուգալիա), Պրեվեզան (Հունաստան), Սիբիուն (Ռումինիա), Վարշավան (Լեհաստան), Վիեննան (Ավստրիա), Մալթան, Գդանսկը (Լեհաստան) և այլ քաղաքներ: