Սահմանադրական կարգի տապալման և իշխանության յուրացման գործընթացին մասնակցած 89 քաղաքացիները կատարել են առերևույթ հանցագործություն. «Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ
«Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ վարչությունը հայտարարություն է տարածել՝ կապված սահմանադրական փոփոխությունների որոշման հետ, որը ժամեր առաջ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց:
«2018 թվականին քաղաքական շանտաժով իշխանությունը զավթած քաղաքական ուժը այսօր հերթական անգամ կոպտորեն տապալել է սահմանադրական կարգը՝ Սահմանադրական դատարանի զավթմամբ ու Հանրապետության նախագահի լիազորությունների յուրացմամբ վերջնականորեն փակելով իրավական պետության, ժողովրդավարության և իրավունքի գերակայության էջը Հայաստանի Հանրապետությունում։
«Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ-ն խստորեն դատապարտում է իշխող ուժի կողմից սահմանադրական կարգի տապալման շարունակական գործընթացը։
Սահմանադրական կարգի տապալման և իշխանության յուրացման այս գործընթացին մասնակցած 89 քաղաքացիները կատարել են առերևույթ հանցագործություն, ինչի համար մոտ ապագայում կրելու են պատասխանատվություն։
Միևնույն ժամանակ արձանագրում ենք, որ խորհրդարանական ընդդիմությունը հնարավորություն ունի կասեցնելու այս հակասահմանադրական գործընթացը։ Այդ կապակցությամբ ողջունում ենք «Բարգավաճ Հայաստան» խմբակցության՝ Սահմանադրական դատարան դիմելու նախաձեռնությունը և կոչ ենք անում խորհրդարանական մյուս ուժին ևս միանալ նախաձեռնությանը, հակառակ պարագայում, կանգնելով սահմանադրական կարգը տապալած 89 հանցագործների կողքին, այդ ուժը վերջնականորեն կամրագրի իր տեղը պատմության աղբանոցում և կդասվի սահմանադրական կարգը տապալած 89 հանցագործների շարքին։
Կոչ ենք անում նաև արտախորհրդարանական և խորհրդարանական առողջ հասարակական և քաղաքական ուժերին, որոնք գիտակցում են Հայաստանի պետականության համար սահմանադրական կարգի տապալման կործանարար հետևանքները, համախմբվել և լծվել այս ամենի քաղաքական պատասխանատու Նիկոլ Փաշինյանին վերջնականապես իշխանությունից հեռացնելու կարևոր և այսրոպեական գործընթացին»,- նշված է հայտարարությունում։