Ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հատել է 10 միլիոնի շեմը
Ողջ աշխարհում «Քովիդ-19» կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 10 մլն-ը: Ինչպես երևում է worldometers.info կայքի՝ պարբերաբար թարմացվող տվյալներից, հունիսի 27-ին արդեն ողջ աշխարհում վարակման հայտնաբերված դեպքերի թիվը կազմել է 10 004 961:
Կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից մինչ օրս մահացել է 498 990 մարդ, ապաքինվել է 5 141 852-ը: Ակտիվ վարակակիրներից (4 091 119) ծանր է գնահատվում 1 տոկոսի (57 701) վիճակը: Վերջին մեկ օրում ողջ աշխարհում վարակման ավելի քան 106 հազար դեպք է բացահայտվել:
Վարակման, ինչպես նաև մահացության ցուցանիշով առաջատարն աշխարհում ԱՄՆ-ն է, որտեղ վերջին օրերին վարակման դեպքերի աճ է նկատվում: Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ում հայտնաբերվել է վարակման 2 581 648 դեպք, որոնցից 127 967-ը՝ մահվան ելքով:
Վարակակիրների թվով ԱՄՆ-ին հաջորդում են Բրազիլիան (1 284 214), Ռուսաստանը (627 646), Հնդկաստանը (529 331), Մեծ Բրիտանիան (310 250):
Մահացության ցուցանիշով առաջատար երկրներից են Բրազիլիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Իսպանիան, Ֆրանսիան, Մեքսիկան:
Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: