Կառավարությունը խոսում է «գիտակցված» լոքդաունի մասին՝ առանց հասկանալու, որ այն ենթադրում է ծախսեր, որոնց կատարումը հենց իր պարտականությունն է, այլ ոչ թե քաղաքացիների. Անի Հովհաննիսյան
Արտակարգ դրություն մտցնելու պահից, երբ արգելվեց մի շարք բիզնես կազմակերպությունների գործունեությունն, արդեն իսկ պարզ էր, որ դա բացասական հետևանքներ է ունենալու ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակի վրա: Սակայն, հետևանքները հնարավոր էր մեղմել, եթե կառավարության կողմից մշակվեին արդյունավետ միջոցառումներ և երկարաժամկետ նշանակության ծրագրեր: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է COVID-19 Հայաստան. փաստահավաք խմբի անդամ Անի Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կողմից «գիտակցված լոքդաունի» վերաբերյալ կոչին:
Նրա գրառումը ներկայացնում ենք ստորև.
«Արտակարգ դրություն մտցնելու պահից, երբ արգելվեց մի շարք բիզնես կազմակերպությունների գործունեությունն, արդեն իսկ պարզ էր, որ դա բացասական հետևանքներ է ունենալու ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակի վրա: Սակայն, հետևանքները հնարավոր էր մեղմել, եթե կառավարության կողմից մշակվեին արդյունավետ միջոցառումներ և երկարաժամկետ նշանակության ծրագրեր:
Արսեն Թորոսյանի կողմից այդքան սիրելի ԱՀԿ-ն բազմիցս նշել է, որ շատ կարևոր է, որ կառավարությունները կարողանան կարանտին կազմակերպել այնպես, որ բնակչության սոցիալապես անապահով խավն ապահովված լինի անհրաժեշտ ամեն ինչով: Նշեմ նաև, որ ՀՀ-ին օգնություն է տրամադրվել տարբեր երկրների, միջազգային կառույցների կողմից, ինչպես նաև բացվել է կորոնավիրուսի դեմ պայքարին ուղղված գանձապետական հաշիվ, սակայն մինչ օրս չի ներկայացվել հաշվետվություն առ մասին, թե կոնկրետ ինչի վրա են ծախսվել վերոնշյալ գումարները:
Հիմա հասկանանք, թե ինչու որևէ արդյունք չտվեց արտակարգ դրության առաջին ամսում նախատեսված խիստ կարանտինը, կնշեմ բազմաթիվ պատճառներից մի քանիսը.
Նախ՝ ամենակարևորն, արդյունք չտվեց, որովհետև այն կրում էր բացարձակ ձևական բնույթ ի սկզբանե.
Կառավարությունը պարտադրեց տանը մնալ ամբողջ հասարակությանն՝ առանց տեղյակ լինելու, թե հասարակությունը սոցիալական ինչ խմբերից է բաղկացած: Մերժելով իրականությունը՝ կառավարությունը փաստացի ստեղծեց մի վիճակ, երբ մարդիկ, ովքեր չունեին պահուստներ, և ամեն օրվա գումարն աշխատում էին օրավարձով աշխատելով (ինչքան էլ Նիկոլ Փաշինյանն ասի, որ Հայաստանում չկան օրավարձով աշխատողներ) դուրս մնացին կառավարության ուշադրությունից: Այս մարդկանց խումբը բավականին մեծ է, սակայն կառավարության կողմից կիսատ-պռակ մշակված որևէ ծրագրերում այս մարդիկ փաստացի ներառված չէին, նույնիսկ, եթե ինչ- որ ծրագրին համապատասխանում էին, տրամադրվող գումարով հնարավոր չէր լինի հոգալ անգամ սննդի ծախսերը:
Կառավարությունը չկարողացավ սահմանել հսկողություն նորից մի շարք պատճառներով, որոնցից մեկն էլ այն է, որ կառավարության մակարդակում այդ շրջանում շարունակում էր մնալ անլուրջ վերաբերմունք կորոնավիրուսի նկատմամբ:
Իշխանությունն իր գործելաոճով նպաստել էր հասարակության մոտ թերահավատ վերաբերմունքի ձևավորմանը և կորոնավիրուսն անլուրջ ընկալելուն, ինչի հետևանքով մարդիկ ուղղակի լուրջ չէին վերաբերվում հիվանդությանը:
Չկար մշակված ռազմավարություն, գործողությունների ծրագիր՝ չնայած դեռևս հունվար ամսից ձևավորված էր համապատասխան հանձնաժողովը:
Փաստացի, մեկ ամիս ձևական կարանտինից հետո կառավարությունը ստեղծեց ավելի շատ խնդիրներ, քան կարող էր լինել, եթե այդ կարանտինը չլիներ՝ սոցիալ-տնտեսական վիճակի կտրուկ վատթարացում, կորոնավիրուսի ավելի լայն թափով տարածում, բազմաթիվ անարդյունավետ ծախսեր՝ ճգնաժամի հաղթահարման սոցիալ-տնտեսական ոչ արդյունավետ միջոցառումների տեսքով:
Այս ամենն, ըստ կառավարության, չգիտակցված լոքդաունն էր, որից հետո կառավարությունը փոխարեն պատասխան տա, թե ինչու տնտեսությունը կաթվածահար անելուց հետո չի կարողացել կանխել կորոնավիրուսի տարածումը և կոտրել վարակի շղթաները, խոսում է «գիտակցված» լոքդաունի մասին՝ առանց հասկանալու, որ լոքդաունը ենթադրում է ծախսեր, հսկայական ծախսեր, որոնց կատարումը հենց կառավարության պարտականությունն է, այլ ոչ թե քաղաքացիների»: