Կառավարությունը նախատեսում է մասնակի սուբսիդավորել աշնանացան ցորենի սերմացուն․ կորոնավիրուսի պատճառով ցորեն ներմուծելու դժվարություններ են առաջացել
Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում քննարկման է դրվել Հայաստանում աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիրը, որով նախատեսվում է մասնակի սուբսիդավորել կամ փոխհատուցել աշնանացան ցորենի սերմերի գինը։
Կորոնավիրուսի տարածման հետևանքով, ցորենի ներմուծման հնարավոր դժվարությունների պայմաններում, Հայաստանում խնդիր է առաջացել բարձրացնել ցորենի ինքնաբավության մակարդակը և նպաստել պարենային անվտանգության ապահովմանը։
ՀՀ վիճպետկոմի տվյալների համաձայն՝ վերջին տարիների ընթացքում աշնանացան ցորենի հիմնական արտադրատնտեսական ցուցանիշները նվազել են՝ 2019թ․ 2015թ․ համեմատ ցանքատարծությունները շուրջ 44,1 %-ով, բերքատվության մակարդակը՝ 42,0 %-ով, որի արդյունքում էլ նվազել է համախառն բերքը` 68,7 %-ով՝ կազմելով ընդամենը 110,3 հազար տոննա: Նվազել է նաև ցորենի ինքնաբավության մակարդակը՝ 2018թ․ այն կազմել է 31,5% 2014թ․ 48,7%-ի դիմաց։ Միաժամանակ վերջին 5 տարիներին տարեկան ներմուծվել է 250,0 – 330,0 հազար տոննա ցորեն։
Նախագծով առաջարկվում է Շիրակի, Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու, Արագածոտնի, Տավուշի և Կոտայքի մարզերում 2-20 հա մակերեսով ցորենի ցանքատարածություններ մշակող գյուղացիական տնտեսություններին վաճառվող, ինչպես նաև ցանք կատարելու համար արտադրված և/կամ ներմուծված աշնանացան ցորենի էլիտա և/կամ 1-ին վերարտադրության հավաստագրված սերմերի գնի մասնակի սուբսիդավորում կամ փոխհատուցում։ Սուբսիդավորման կամ փոխհատուցման գործընթացը կիրականացնի նախարարությունը։ Նախագծի հիմնավորման համաձայն՝ 1 կգ-ի համար տրվող սուբսիդիայի կամ փոխհատուցման գումարը սահմանվում է 70 դրամ, ինչը հնարավորություն կտա տնտեսավարողներին ձեռք բերել որակյալ սերմեր՝ շուկայական գնից առավել ցածր գնով։