Ֆինլանդիան հրաժարվում է առանց Շվեդիայի միանալ ՆԱՏՕ-ին
Ֆինլանդիան առանց Շվեդիայի չի միանա ՆԱՏՕ-ին, եթե Շվեդիայի անդամակցումը հետաձգվի Թուրքիայի հետ չկարգավորված վեճերի հետևանքով:
Այդ մասին Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերրգի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոն:
Երկու ղեկավարների հանդիպումը տեղի է ունեցել Կուլտուրանտա (Ոսկե ափ) ավանում, որտեղ գտնվում է Ֆինլանդիայի նախագահների ամառային նստավայրը:
«Շվեդիայի գործը՝ մե՛ր գործն է, դա նշանակում է, որ մենք միասին՝ ձեռք ձեռքի տված, առաջ ենք գնում»,- ասել է Նիինիստոն:
Ֆինլանդիան և Շվեդիան տասնամյակներ շարունակ չեզոք քաղաքականություն են վարել, սակայն Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումից հետո որոշել են միանալ ՆԱՏՕ-ին:
Այդ նախաձեռնությանն ընդդիմանում է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան, որի պնդմամբ, սկանդինավյան երկու երկրները սատարում են Քրդստանի աշխատավորական կուսակցությանը: Անկարայում այն համարում են ահաբեկչական կազմակերպություն:
Թուրքիան պահանջում է «արտահանձնել ահաբեկչական գործողությունների հետ առնչություն ունեցող քուրդ ակտիվիստներին»:
Թուրքերի կողմից ահաբեկիչներ համարվող քրդերի մի զգալի մասը բնակվում է Շվեդիայում:
Նախագահ Նիինիստոն ասել է, թե իր համար անակնկալ էր Անկարայի առարկությունը: Նա միաժամանակ նշել է, որ հարկ է ամենայն լրջությամբ ըմբռնել թուրքական կողմի մտահոգությունները:
Գլխավոր քարտուղար Ստոլտենբերգն, իր հերթին, ասել է, թե ՆԱՏՕ-ի անդամ երկրներից ահաբեկչությունից առավել շատ հենց Թուրքիան է տուժել:
«Դա պետք է հիշել և հասկանալ»,- ասել է Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը:
Հունիսի վերջին Մադրիդում գումարվելու է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որը, ենթադրաբար, պետք է որոշում կայացնի սկանդինավյան երկու երկրների անդամակցության վերաբերյալ:
Ստոլտենբերգը վերջերս նշել է, թե մադրիդյան հավաքը վերջնաժամկետ չէ, և Ֆինլանդիայի ու Շվեդիայի անդամակցության հարցը կարող է նաև ավելի ուշ լուծվել: