Ունևոր մի ընտանիք գնացել է հանգստանալու՝ օգտագործելով իր կապերը, մեկը պայմանավորվել է խաղաղապահների հետ, ուտելիք բերել և թանկ վաճառել. Արցախի պետնախարարը խոսել է իր համար անընդունելի դեպքերի մասին
Մենք շտապ օգնության խնդիր ունենք, եթե էսպես շարունակվի, չենք կարողանա աշխատել: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ խոսելով երկրում բենզինի ու վառելիքի սուղ պայմանների մասին:
«Մենք գիտենք, որ ունեւոր մի ընտանիք գնացել է հանգստանալու՝ օգտագործելով իրենց կապերը, եւ դա շատ մեծ արձագանք է ստացել: Հարցերից մեկն այն է, որ ոչ թե դա սխալ է, որ իրենք արել են, այլ որ դա չպետք է ընդունվի, որ դա է հաջողված ընտանիքի, հաջողակ մարդու մոդելը. տեսեք՝ ինքը կարողացավ:
Չեմ ընդունում, որ մարդը հնարավորություն ունի մի քանի տոննա բենզին փոխանակի ինչ-որ մարդկանց հետ և դրա շնորհիվ իր երեխաները, ընտանիքը օգտագործեն, քշեն մեքենա, երբ մենք շտապ օգնության խնդիր ունենք: Եթե ինքը էդքան լավ տղա է, ճարել է էդ բենզինը, պիտի գար շտաբ, ասեր՝ հնարավորությւոն եմ ունեցել, ճարել եմ, բոլորս մի նավի մեջ ենք»,- ասաց Վարդանյանը:
Նա անդրադարձավ իր համար անընդունելի մեկ այլ դեպքի ևս. «Չեմ ընդունում էն մարդուն, ով հնարավորություն է ունեցել պայմանավորվել խաղաղապահների կամ մեկ ուրիշի հետ, ուտելիք է բերել ու թանկ գնով վաճառել քաղաքացիներին: Ես չեմ ընդունում մարդկանց, ովքեր փորձում են փող աշխատել էս դժվարությունների ժամանակ»: