ԱՆ-ն առաջարկել է դպրոցական և նախադպրոցական ուսումնական հաստատություններում սահմանել «համաճարակային ֆիլտր»
Երևանի թիվ 60 հիմնական դպրոցի շուրջ 700 աշակերտներից ավելի քան 160-ը ձմեռային արձակուրդից հետո այսօր դասի չեն գնացել։ Պատճառը վերջին շաբաթներին մեծամասամբ երեխաների շրջանում տարածվող սուր շնչառական վարակներն են, շրջանառվող «խոզի գրիպը» ։ Երեխաների մի մասը հիվանդ է, որոշ ծնողներ վախենում են դպրոց ուղարկել։
Դպրոցի բուժքույր Անաիդա Հովսեփյանի փոխանցմամբ, առավոտյան ստուգում են բոլոր երեխաների ջերմությունը, բարձր լինելու դեպքում տուն են ճանապարհում. - «Ծնողին պարտադիր տեղյակ ենք պահում, մեկ էլ՝ դասղեկին, որ էդ երեխան մտել ա ու գնում ա տուն։ Ընթացքում շրջում ենք, եթե էլի հայտնաբերում ենք, էլի նույն ձևով, դասղեկի մեկ էլ ծնողի իմացությամբ, անպայման ուղարկում ենք տուն»։
Բուժքրոջ խոսքով, ինքը և դասղեկները ծնողներին նաև զգուշացրել են, որ եթե երեխաների ինքնազգացողությունը վատ լինի, դասի չուղարկեն. - «Թեկուզ եթե երեխան վատ ա զգում, պարտադիր չի ջերմություն ունենա, ինքը չկա, որովհետև արդեն թույլ ա համարվում, կարա և դրսիվ վիրուս վերցնի»։
Կանխարգելիչ այս միջոցառումներն իրականացվում են Առողջապահության նախարարի առաջարկությամբ, քանի որ սուր շնչառական վարակները հատկապես տարածված են անչափահասների շրջանում։
«Համաճարակային իրավիճակի հետագա բարդություններից և հիվանդության տարածումից խուսափելու նպատակով, որպես կանխարգելիչ միջոցառում, առաջարկվում է դպրոցական և նախադպրոցական ուսումնական հաստատություններում սահմանել համաճարակային ֆիլտր ՝ հիվանդ երեխաների մուտքը հաստատություններ բացառելու համար», - ասված է նախարարության գրությունում։
Թիվ 119 ավագ դպրոցի ջերմաչափերն առավոտյան թեև առավոտյան ոչինչ չէին արձանագրել, բայց դասերի ընթացքում երկու աշակերտի ինքնազգացողությունը վատացել էր, բուժքույր Սահականույշ Տոնոյանը նրանց տուն է ուղարկել. - «Մոտիկացել են ընթացքում ինձ։ Ձերմաչափում եմ արել, ունեցել են 37.1, 39.1. Երկու հոգու տուն եմ ուղարկել ջերմաչափումից հետո։ Երկու աշակերտի էլ խորհուրդներ եմ տվել, առայժմ դասի են նստած, չեն գնացել տուն, որովհետև բարձր ջերմություն չունեն, գլխացավերով էին»։
Վարակի H1N1 տեսակից՝ «խոզի գրիպից» Հայաստանում 35 տարեկան երկու քաղաքացի է մահացել, հիվանդանոցները ծանրաբեռնված են աշխատում։
Մուրացան համալսարանական հիվանդանոցն օրինակ նախորդ շաբաթվա ընթացքում ավելի քան 1100 բուժառու է ընդունել։ Միայն երեկ հոսպիտալացվել է 18 երեխա։