Ասենք ռուսները չեն անում, թողնենք արցախցիները մահանա՞ն. պարտավոր ենք ռազմական ճանապարհով բացել միջանցքը. Երվանդ Թարվերդյան
Առաջին հերթին պետք է մեր իշխանությունները պարզ հանրությանը հայտնեն՝ ինչ բանակցություններ են եղել եւ ինչ է այսօր կատարվում: Այս մասին NEWS.am-ին տված հարցազրույցում ասաց «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Երվանդ Թարվերդյանը:
«Իմ կարծիքով կամ անհրաժեշտություն չկա ամբողջությամբ բացահայտել, թե ինչ է կատարվում, կամ Հայաստանի ու Արցախի իշխանությունները ամբողջ հայության հետ ազնիվ չեն: Միգուցե կան բանակցության փուլեր, որոնք չպետք է բացահայտել, իսկ եթե կան բաներ, որոնք կարելի է բացահայտել, և Հայաստանի, թե Արցախի իշխանությունները չեն բացահայտում, դա ճիշտ չեմ համարում: Ամբողջ հայությունը այսօր մտահոգված է Լաչինի միջանցքի խնդրով:
Եթե կարիք լինի, մենք պարտավոր ենք ռազմական միջոցով բացել Արցախի կյանքի ճանապարհը: Եթե 120 հազար մեր հայրենակիցներին բլոկադայի մեջ են վերցրել, մեզ ի՞նչ է մնում անել: Ես զարմանում եմ, որ որոշ պատգամավորներ հայտարարում են, թե կարելի է Արցախը զոհել հանուն Հայաստանի: Մենք իրավունք չունենք մտածել ինչ-որ բան զոհելու մասին, մենք պետք է մտածենք միայն հաղթանակի մասին»,-ասաց Թարվերդյանը:
Դիտարկմանը, որ որոշակի հակասություն կարծես կա Հայաստանի ու Արցախի իշխանությունների միջեւ, նա արձագանքեց. «Ինձ համար ոչ թե իշխանության կարծիքն է կարեւոր, այլ ազգային տրամաբանությունը: Ինձ համար կարեւորն այն է, թե ինչն է ճիշտ: Պատերազմները դիվանագիտական ճգնաժամ արդյունք են, եթե դիվանագիտորեն հնարավոր չէ լուծում գտնել, ի հայտ են գալիս ռազմական գործողությունները: Այսօր 120 հազար արցախցի մեր հայրենակիցներ շրջափակման մեջ են, հումանիտար աղետի մեջ են,թե դիվանագիտությունն արդյունք չտա, ի՞նչ պետք է անել: Պետք է կյանքի ճանապարհը բացել ցանկացած եղանակով»:
Ինչ վերաբերում է նրան, որ Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ Լաչինի միջանցքը ռուսական խաղաղապահների ենթակայության տակ է եւ նրանք պետք է ապահովեն անխափան տեղաշարժը, Թարվերդյանն ասաց. «Ասենք ռուսները չեն անում, թողնենք մեր հայրենակիցները սովից մահանա՞ն: Ասենք, ՌԴ-ն չկա, թողնենք, որ Արցախը կործանվի՞: Ասենք՝ մենք պատասխանատու չենք արցախահայության համար, թող ռուսները գան օգնե՞ն: Տրամաբանությունը ո՞րն է: Տո պետք լինի ռուս խաղաղապահների դեմ էլ պետք է պայքարենք:
Իմ կարծիքով կա կոնֆլիկտ Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ եւ Ադրբեջանի իշխանությունները գերագնահատում են իրենց հնարավորությունները: Ադրբեջանն օգտվելով աշխարհաքաղաքական այս փոփոխություններից, փորձում է դիվիդենտներ շահել: Ադրբեջանի նախագահի լկտի հայտարարությունները բխում են դրանից»:
Երվանդ Թարվերդյանի խոսքով, նոյեմբերի 9-ի փաստաթղթով չեն կանոնակարգվել նմանատիպ դեպքերը, թե ինչ պետք է անեն խաղաղապահները նման դեպքում. «Մեկ ամիս մեր պետությունը չի կարողանում հասնել արդյունքի: Մեկ ամիս է՝ մեր պետությունն ասում է, որ պետք չի ՀԱՊԿ, ուղիղ բանակցություններով մենք հարցը կկարգավորենք: Դրա արդյունքը ո՞րն է, սովի՞ եք մատնում արցախցիներին»:
Հարցին, թե եթե պետությունը ոչինչ չի անում, ի՞նչ կարող են անել ՀՀ քաղաքացիները, նա պատասխանեց. «ՀՀ քաղաքացին որեւէ բան անելու իրավասություն չունի: Ես ցավում եմ, որ ՀՀ քաղաքացիներն այդքան անտարբեր են, ՀՀ բնակչության 90 տոկոսը չի էլ գիտակցում, թե ինչ է կատարվում:
Իշխանությունը պետք է ամբողջ հայությանը համախմբելու փորձեր կատարեր, պետք է պատասխանատվություն վերցներ: Այսօր կառավարությունը պարտավոր է համախմբել ազգին ազգային գաղափարախոսության շուրջը, եթե ուզում է լինել ուժեղ պետություն:
Իշխանությունը պարտավոր է այդ սկզբունքները քննարկել նաեւ ընդդիմության հետ, արտախորհրդարանական ուժերի հետ: Ոչ թե 4-5 կուսակցությունների հետ, որոնք կոմֆորտ են ստեղծում վարչապետին՝ ամիսը մեկ քննարկումների ժամանակ, այլ ամբողջ քաղաքական դաշտը պետք է հավաքվի, ելք գտնի: Ընդդիմությանն էլ հորդորում եմ, որ ոչ թե միայն օրակարգը լինի, որ վարչապետը պետք է գնա, այլ պետք է քննարկել, թե ինչի շուրջ համախմբվենք, ինչ կարեւոր խնդիրներ ունենք:
Մեր կուսակցությունը հորդորում է միասնական գործողությունների գնալ, իջեցնել բոլոր քաղաքական ամբիացիաները, ամբողջ քաղաքական, հասարակական էլիտային փորձել հավաքել կլոր սեղանի շուրջ եւ սթափ քննարկել, թե ինչ կարելի է անել: Այսօր ազգը պետք է համախմբված լինի»: