Ադրբեջանի թշնամական քաղաքականությանը պետք է պատասխանել «Ճանաչում հանուն փրկության» բանաձևի մասին խոսելով. Արթուր Խաչատրյան
Ադրբեջանի թշնամական քաղաքականությանը պետք է պատասխանել` բարձրացնելով Արցախի կարգավիճակի հարցը և խոսելով «Ճանաչում հանուն փրկության» բանաձևի մասին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովի իր ելույթում այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Նա նշեց, որ Ադրբեջանը դեկտեմբերի 12-ից փակել է Լաչինի միջանցքը, պարբերաբար անջատում է գազը և հոսանքը։
« Այսօր, երբ մենք սկսեցինք մեր նիստը, Ադրբեջանը հերթական անգամ փակեց գազի մատակարարումը։ 120 հազար մարդ փաստացի ադրբեջանական գերության մեջ է։ Կա սննդամթերքի և դեղորայքի դեֆիցիտ։ Անցել ենք ցուրտ ու մութ տարիներին, երբ առաջին անհրաժեշտության ապրանքները տրվում էին տալոններով։ Արցախը կանգնած է մարդասիրական ճգնաժամի առաջ»,- ընդգծեց Խաչատրյանը։
Պատգամավորի խոսքով՝ Ադրբեջանն է այդ ճգնաժամը ստեղծել է՝ ունենալով քաղաքական նպատակներ, դա իրենց հակահայ քաղաքականության շարունակությունն է։
«Հետևաբար, քաղաքական թշնամական գործողությանը պետք է պատասխանել քաղաքական հարթության մեջ, այլ ոչ թե անատամ հայտարարություններով։ Ամեն օր հայտարարություն ենք անում, պահանջում ենք բացել միջանցքը ու հանգիստ խղճով գնում ենք տուն։ Խնդիրը պետք է ունենա քաղաքական լուծում։ Հայաստանի իշխանությունները՝ ի պատասխան Ադրբեջանի թշնամական քաղաքականության, պետք է օգտվեն այս առիթից և միջազգային ասպարեզ վերադարձնեն Արցախի կարգավիճակի հարցը։ Ադրբեջանի այս գործողությունը ցույց է տալիս, որ Արցախի ժողովուրդը Ադրբեջանի կազմում չի կարող ապրել, որովհետև նրանց գոյութենական վտանգ է սպառնում։ Հետևաբար, պետք է խոսել «Ճանաչում հանուն փրկության» բանաձևի մասին։ Սա է այն պահը»,- եզրափակեց Խաչատրյանը։