Հանցագործության համար մեղադրվողը պնդում է՝ առաջարկել են քրգործը կարճել, եթե մեկնի վարժական հավաքների, իշխանությունները հերքում են
Հանցագործության համար մեղադրվող երիտասարդը պատմում է՝ իրեն զինկոմիսարիատից զանգել առաջարկել են, թե քրեական պատասխանատվությունից կազատվի, եթե մեկնի վարժական հավաքներին։
Երիտասարդը, որ հրաժարվեց ներկայանալ, պնդեց, թե զինկոմիսարիատից կանչել են տեղում հարցը քննարկելու։ Իշխանությունները կտրականապես հերքում են այս պնդումները։
«Առաջարկ է հնչել, որ մոտենամ խոսեմ գլխավորներից մեկի հետ ու, ըստ առաջարկի, իմ կամքով մեկնեմ զորահավաքների, էն պարագայում, երբ որ ես քրեական գործով անցնող անձ եմ։ Առաջարկը հենց դրա համար էր, որ քրեական գործը կարճվեր», - պատմեց «Ազատության» զրուցակիցը։
Երիտասարդը, սակայն, մերժել է առաջարկն ու այս մասին տեղյակ պահել իր փաստաբանին։
«Անձին համոզել են, ասել են՝ «մենք Ձեզ կօգնենք որպեսզի քրեական գործերդ բարենպաստ լուծումներ ստանան, և մարդը գյուղաբնակ լինելով համոզվել է, որ փաստաբան ջան, գնամ մասնակցեմ, ինչ է եղել, հո վնաս չեն տա», - պատմեց փաստաբան Արսեն Մկրտչյանը։
Մկրտչյանը նման երկու օրինակ ունի։ Ասում է, որ պաշտպանյալներից մեկն իրեն զանգահարած և զինկոմիսարիատի աշխատակից ներկայացած անձի հորդորներին ի պատասխան հակադարձել է՝ «փաստաբանս ասում է՝ նման բան չի կարող լինել»։
«Ավելին, հենց կոնկրետ զինկոմիսարիատից են էդպես ասում, կա պատասխանատու անձ, հեռախոսահամար, որին որ հակադարձում է վստահորդս ասում է՝ «փաստաբանս ասում է, որ ես չունեմ նման պարտավորություն», ասում եմ՝ «քո փաստաբանը ինչ է հասկանում, մենք ավելի լավ ենք հասկանում», - պատմեց Մկրտչյանը։
Փաստաբանի կարծիքով՝ զինկոմիսարիատներն այս քայլին են գնում ռեսուրսների պակասի պատճառով։ Մինչդեռ խորհրդարանի Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը կտրականապես հերքում է այս պնդումները։
«Ստում են, որ ասում են էդպիսի բան», - ասաց Քոչարյանը։
Իշխանական պատգամավորի խոսքով՝ ներկայացված մեխանիզմը ռուս-ուկրաինական պատերազմում է կիրառվում, բայց ոչ՝ Հայաստանում։
«Ով որ էդպիսի բան է ասում, ինքը խառնում է երևի ռուս-ուկրաինական պատերազմում էդպիսի ուժեր օգտագործում են, էդպիսի մեխանիզմներ կան, Հայաստանում էդպիսի մեխանիզմներ չկան և չեն էլ կարող լինել», - ասաց Քոչարյնանը։
Վարժական հավաքները ակտիվացան 44-օրյա պատերազմից հետո, սկզբում դրանք եռամյսա էին, իսկ անցած տարի կառավարությունը կրճատեց այդ ժամկետը մինչև 25 օր։ Մարտից մեկնարկած հավաքներն արդեն 25 օրով են անցկացվում։
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը դեռ հոկտեմբերին վստահեցրել էր, որ քաղաքացին ինքն է ընտրելու, թե տարվա մեջ երբ կարող է այդ 25 օրը տրամադրել Հայաստանի սահմանների պաշտպանությանը։