Նիգերի խունտան ծրագրում է քրեական հետապնդման ենթարկել հեռացված նախագահին «պետական դավաճանության» համար
Նիգերի ռազմական խունտան հայտարարել է, որ քրեական հետապնդման կենթարկի գահընկեց արված նախագահ Մուհամեդ Բազումին դավաճանության համար։ Գրել է Al JAzeera-ն։
63-ամյա Բազումն ու նրա ընտանիքը հուլիսի 26-ի հեղաշրջումից ի վեր պահվում են Նիամիում տեղակայված նախագահական նստավայրում, մինչդեռ միջազգային անհանգստությունը մեծանում է նրանց կալանքի պայմանների կապակցությամբ:
Արևմտյան Աֆրիկայի պետությունների տնտեսական համայնքը (ECOWAS) կոչ է արել վերականգնել Բազումին՝ խիստ տնտեսական պատժամիջոցներ կիրառելով Նիգերի դեմ ու սպառնալով ռազմական միջամտություն, եթե քաղաքացիական իշխանությունը չվերականգնվի:
Այնուամենայնիվ, Արևմտյան Աֆրիկայի դաշինքը, որը հավանություն է տվել Նիգերում «սահմանադրական կարգը վերականգնելու համար սպասողական ուժերի» տեղակայմանը, ասել է, որ հավատարիմ է մնում ճգնաժամի դիվանագիտական կարգավորում գտնելուն:
Նիգերի զինվորականության խոսնակ, գնդապետ մայոր Ամադու Աբդրամանեն կիրակի օրը հերքել է Բազումի առողջության հետ կապված մտահոգությունները՝ ասելով, որ գահընկեց արված առաջնորդը նախորդ օրը այցելել է իր բժշկին:
«Այս այցից հետո բժիշկը պաշտոնանկ արված նախագահի և նրա ընտանիքի անդամների առողջական վիճակի հետ կապված որևէ խնդիր չի բարձրացրել»,- ասել էր նա։