Պետք է բացառել «դու իմ թիմից չես» լկտի գործելաոճը, որ ամեն մի արկածախնդիր ղեկավար չկարողանա ազդել կայացած մասնագետի ճակատագրի վրա․ Երվանդ Թարվերդյան
«Միացյալ Հայաստան» կուսակցության հիմնադիր նախագահ, Երևանի քաղաքապետի թեկնածու Երվանդ Թարվերդյանն անդրադարձել է կադրային քաղաքականությանը։
«Ուշադիր հետևում եմ տարբեր քաղաքական ուժերի հայտարարություններին` իրենց ցուցակում իրենց ճարտարապետին, իրենց բարեկարգողին, իրենց թաղապետին կամ իրենց վերահսկողին
ընդգրկելու մասին»,- գրել նա իր ֆեյսբուքյան էջում։
«Ժողովուրդ ջա՛ն.
Ե՞րբ պետք է քաղաքական ուժերը գիտակցեն, որ այս քաղաքը, այս պետությունը իրենց սեփականությունը չէ՛, և գիտակցեն, որ իշխանությունը պատկանում է միայն ժողովրդին։
Մենք ջարդելու ենք այդ արատավոր կարծրատիպը»,- նշել է նա։
Թարվերդյանը գրել է, որ իշխանության գալով՝ ստեղծելու են հանձնաժողով` ավագանու բոլոր խմբակցությունների անդամներից, որը կքննի պաշտոնյայի յուրաքանչյուր ազատման դիմում և կբացառի` «ես քեզ հետ չեմ կարող աշխատել» կամ «դու իմ թիմից չես» լկտի գործելաոճը, որ ամեն մի արկածախնդիր ղեկավար կամայականորեն չկարողանա ազդել տարիների փորձ ունեցող, կայացած մասնագետի ճակատագրի վրա։
«Աշխատանքը թողնելու են միայն այդ պաշտոններում պատահաբար հայտնված ապաշնորհ անձինք։
Ցանկացած համակարգում, ցանկացած աշխատակից պետք է հնարավորություն ունենա աճել այդ ոլորտում և ցանկացածը` պրոֆեսիոնալներից, պետք է լինի պաշտպանված»,- եզրափակել է քաղաքական գործիչը։