Պարո՛ն Մարության, բերեցինք, որ այս արտահայտությունից հետո տանեք ու դնեք Ձեր նախընտրական հոլովակում․ ՔՊԿ փոխնախագահը պատասխանել է Հայկ Մարությանին (տեսանյութ)
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, կուսակցության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը ներողություն է խնդրել Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի հետ կապված մոնտաժված տեսանյութ տարածելու համար։
«Ներողություն եմ խնդրում երեկ կատարածս մի անփույթ բանի համար»,- ասել է նա իր ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսաուղերձում, որը վերնագրված է՝ «Ներողություն եմ խնդրում երեկվա անփութությանս համար, բայց գոնե սելը ճռռալու փոխարեն, սելվորը չճռռար»։
Նա նշել էր, որ ֆեյսբուքյան օգտատերերից մեկն է տեսանյութը մոնտաժել այնպես, որում չի եղել Հայկ Մարությանը։
Ըստ նրա՝ այս ամենը չէր լինի «այսքան տարօրինակ ու աբսուրդային», եթե չլիներ Հայկ Մարությանի՝ քաղաքապետի պաշտոնում վերջին ելույթը կառավարության կողմից «ՄԱՆ» ավտոբուսների գնման մասին։
Տեսաուղերձի ընթացքում Ալեքսանյանը միացնում է Մարությանի ելույթի հատվածը, որում նա, անդրադառնալով ավտոբուսներ ձեռք բերելու թեմային, ասում է․ «Բերող էիք, բերեիք»։
Տեսաուղերձում ՔՊ պատգամավորը Մարությանի խոսքի այդ դրվագին պատասխանում է․ «Բերեցինք, բերեցինք, պարո՛ն Մարության, բերեցինք, որ այս արտահայտությունից հետո տանեք ու դնեք Ձեր նախընտրական հոլովակում։ Հետո էլ ինձ ասեք՝ «Կեղծում, կեղծում եք, ընտրություն էլ կկեղծեք»»։
Ավելի վաղ «Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել էր, որ ՔՊ-ն իրենից գողացել է նախընտրական հոլովակը։
«ՔՊ կուսակցության վարչության նախագահի տեղակալը իր ֆեյսբուքյան էջում տարածել է մեզանից գողացած նախընտրական հոլովակը:
Դա էլ քիչ է՝ կադրում, որտեղ ես ստորագրում եմ եվրոպական ավտոբուսների համաձայնագիրը, ինձ կադրից ջնջել են, իմ խոսքը փոխարինել են ուրիշի խոսքով,
կեղծված հոլովակի վերջում էլ «ճպպցրել են» ՔՊ-ի լոգոն։
Կեղծել, կեղծել ա, միանգամից ընտրություններն էլ կեղծեք...»,- գրել էր Մարությանը։