«Հայաստանը միջամտում է Ադրբեջանի ներքին գործերին»․ Բայրամովը ՌԴ հատուկ ներկայացուցչի հետ հանդիպմանը Հայաստանից է բողոքել
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով Ռուսաստանի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին։ Հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը, տարածաշրջանում առկա իրավիճակը։
Բայրամովն ընդգծել է, որ «հայկական կողմի հայտարարությունները, հռետորաբանությունը և սադրանքները», որոնք «խաթարում են խաղաղության օրակարգը և ուղղված են Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ, վնասում են տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու ջանքերին և նախաձեռնություններին» (չակերտները - Tert.am)։
Նա նշել է, «Հայաստանը միջամտում է Ադրբեջանի ներքին գործերին» (չակերտները - Tert.am)։
Արտգործնախարարը հայտարարել է, որ տարածաշրջանում ««լարված հումանիտար իրավիճակի» և «շրջափակման» հետ կապված անհիմն պնդումների ֆոնին Աղդամ-Խանքենդի (Ակնա-Ստեփանակերտ - Tert.am) ճանապարհի բացմանը զուգահեռ Լաչինի ճանապարհի օգտագործումն ակտիվացնելու՝ Հայաստանի մերժումը վկայում է այն մասին, որ իրավիճակը ոչ թե մարդասիրական, այլ ավելի շուտ քաղաքական բնույթ ունի» (չակերտները - Tert.am):
Ընդգծվել է միջազգային հանրության կողմից «Հայաստանի նման քայլերի դատապարտման կարևորությունն Ադրբեջանի դեմ քաղաքական և ռազմական սադրանքների աճի համատեքստում» (չակերտները - Tert.am)։
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։