Կրասիկովն ու Նավալնին կարող են ներառվել Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև գերիների փոխանակման գործարքում. WSJ
Ռուս ընդդիմադիր գործիչներ, հնարավոր է, ներառվեն Արևմուտքի և Ռուսաստանի միջև բազմակողմ բանտարկյալների փոխանակման մեջ: Գրել է The Wall Street Journal-ը՝ հղում անելով արևմտյան պաշտոնյաների, որոնց անունները չեն հրապարակվել։
Աղբյուրների համաձայն՝ նրանց թվում կարող է լինել Ալեքսեյ Նավալնին, որը Ռուսաստանի Վլադիմիրի մարզի գաղութներից մեկում է։
Ըստ թերթի՝ Ռուսաստանը շահագրգռված է Վադիմ Կրասիկովի վերադարձով։ Նրան 2021 թվականին Գերմանիայի դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել Վրաստանի քաղաքացի, Չեչնիայի դաշտային հրամանատար Զելիմխան Խանգոշվիլիի սպանության համար։ Գերմանիայի կառավարությունը կարծում է, որ սպանությունը կատարվել է ռուսական հետախուզական ծառայությունների հրահանգով։
WSJ-ի զրուցակիցների կարծիքով՝ Վադիմ Կրասիկովին Ռուսաստանին արտահանձնելու մասին համաձայնագիրն անհրաժեշտ է, որպեսզի ԱՄՆ-ն փոխանակում նախապատրաստի։ Ամերիկյան իշխանությունները ծրագրում են հասնել լրտեսության համար մեղադրվող The Wall Street Journal-ի լրագրող Էվան Գերշկովիչի, նախկին ծովահետևակային Փոլ Ուելանի վերադարձին։ Վերջինս կրում է 16 տարվա ազատազրկման է դատապարտված նմանատիպ մեղադրանքով։
Աղբյուրները նշել են, որ Վադիմ Կրասիկովին Ռուսաստանին արտահանձնելու վերաբերյալ Գերմանիայի հետ բանակցություններն «անկանխատեսելի» են։
2022 թվականին Գերմանիան հայտարարել էր, որ իր օրենսդրության համաձայն՝ սպանության համար դատապարտված օտարերկրացին չի կարող ընդգրկվել այլ երկրների հետ փոխանակման մեջ։
2023 թվականի հուլիսին CNN-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Ռուսաստանն անվտանգության դաշնային ծառայության ոչ պաշտոնական ուղիների միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել Վադիմ Կրասիկովին բանտարկյալների փոխանակման մեջ ներառելու խնդրանքը։
Հուլիսի 8-ին The New York Times-ը, վկայակոչելով ամերիկացի մի պաշտոնյայի, գրել էր, որ ԱՄՆ-ն և Ռուսաստանը բանակցում են գերիների, այդ թվում՝ Էվան Գերշկովիչի փոխանակման շուրջ: Ավելի ուշ այս տեղեկությունը հաստատել էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ հավելելով, որ փոխանակման համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսել են։
Մանրամասներ չեն հաղորդվել։ Ռուսական կողմը պնդել է, որ փոխանակման բանակցությունների բովանդակությունը պետք է մնա ոչ հրապարակային։