Մոսկվան և Էր Ռիադը լավ հարաբերություններ ունեն բոլոր ոլորտներում․ Պուտինը՝ Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազնին
Ռուսաստանը և Սաուդյան Արաբիան լավ հարաբերություններ ունեն բոլոր ոլորտներում, այդ թվում՝ տնտեսության ոլորտում։ Այս մասին Էր-Ռիադում Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ Սալման Ալ Սաուդի հետ հանդիպմանն ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Մենք կայուն, շատ լավ հարաբերություններ ունենք քաղաքական փոխգործակցության, տնտեսության, հումանիտար ոլորտներում», - ասել է ՌԴ նախագահը։
«Եվ, իհարկե, բոլորիս համար հիմա շատ կարևոր է ձեզ հետ տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ տեղեկատվությամբ և գնահատականներով փոխանակվելը»,- հավելել է նա։
Հանդիպմանը Պուտինը շնորհակալություն է հայտնել գահաժառանգ արքայազնին հրավերի համար և նշել, որ հանգամանքների բերումով փոփոխություններ են տեղի ունեցել Մոսկվայում հանդիպում կազմակերպելու պլանների մեջ, սակայն ոչինչ չի կարող խոչընդոտել երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը։
Իր հերթին, Սաուդյան Արաբիայի արքայազնը պատրաստակամություն է հայտնել այցելել Ռուսաստանի Դաշնություն։
«Իհարկե, ես պատրաստ եմ»,- ասել է թագաժառանգը՝ ի պատասխան Պուտինի այն խոսքերին, որ հաջորդ անգամ ինքը պետք է այցելի Ռուսաստան։