Ալեն Սիմոնյանը ֆրանսիացի գործընկերներին է ներկայացրել Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 27-ին ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:
Հանդիպման սկզբում Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել ֆրանսիացի գործընկերներին Հայաստան այցելության համար և նշել, որ նման այցերը մեծ քաղաքական և անվտանգային նշանակություն ունեն:
Անն-Լորանս Պետելը բարձր է գնահատել Հայաստանի հետ հաստատված միջխորհրդարանական հարաբերությունները և ընդգծել, որ մեծաքանակ բարեկամական խմբի կազմում ներկայացված են բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները, որոնք ունեն Հայաստանին աջակցության վերաբերյալ կոնսենսուս:
Անդրադառնալով Հայաստան-ԵՄ համագործակցությանը` կողմերն ընդգծել են հարաբերությունների զարգացման դրական դինամիկան:
«Հայաստանը խորապես կարևորում է ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստան-Ադրբեջան սահմանին: Այն մեծ նշանակություն ունի տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատման հարցում»,- նշել է ԱԺ նախագահը:
Ալեն Սիմոնյանը ֆրանսիացի գործընկերներին է ներկայացրել Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակը, ԼՂ-ից տեղահանված անձանց հումանիտար խնդիրները, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի հարցը: Քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա համագործակցության զարգացման հեռանկարները միջխորհրդարանական, ինչպես նաև անվտանգային, տնտեսական և այլ ոլորտներում:
Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը: