7 տարվա հավաքներ Հայաստանում ու հաջողված միջազգային մրցաշար
Ռուսաստանցի ավելի քան հինգ տասնյակ պատանի մարզիկներ Հայաստան են այցելում իրենց մարզիչների՝ մոսկվայաբնակ Ավետիք Պողոսյանի եւ միջազգային կարգի մրցավար, գեղարվեստական մարմնամարզության Հայաստանի բացարձակ եւ բազմակի չեմպիոնուհի, գավաթակիր, սպորտի վարպետ Լիանա Պողոսյանի նախաձեռնությամբ:
«Տարվա ընթացքում մենք հավաքներ են կազմակերպում նաեւ այլ երկրներում: Յոթ տարի առաջ գաղափար ծագեց ամառային հավաք անցկացնել նաեւ Հայաստանում: Աստիճանաբար սա դարձավ բարի ավանդույթ, որը ոչ միայն առիթ է ընձեռում երեխաներին մարզվել Ծաղկաձորում, այլեւ ծանոթանալ Հայաստանի հետ, այցելել երկրի գեղատեսիլ վայրերը եւ շփումներ հաստատել իրենց հայ ընկերների հետ»,- Mediamax Sport-ին պատմել է Ավետիք Պողոսյանը:
Նրա խոսքով, հավաքի ընթացքում երեխաներին ուղեկցում են նաեւ ծնողներն ու ազգականները, ովքեր մեծ բավականություն են ստանում Հայաստանում անցկացրած ժամանակից:
Մոսկվայաբնակ հայ մարզիչը համոզված է, որ այս նախաձեռնությունը ոչ միայն օգնում է հայ եւ ռուս մարզիկների միջեւ շփումների եւ կապերի հաստատմանը, այլեւ նպաստում է Հայաստանում գեղարվեստական մարմնամարզության զարգացմանը:
Հենց այս նպատակով էլ Պողոսյանների ընտանիքն անցած տարի նախաձեռնեց գեղարվեստական մարմնամարզության «Հայաստանի ծաղիկներ» բաց մրցաշար, որն այս տարի երկրորդ անգամ անցկացվեց հունիսի 27-28-ը Ծաղկաձորում:
[[gallery1]]
«Նախորդ տարվա համեմատ, այս անգամ մրցաշարն աչքի ընկավ ավելի մեծ թվով մասնակիցներով՝ 76 մարզիկներ Հայաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Վրաստանից, Ղազախստանից եւ Ուզբեկստանից: Առաջնությանը մասնակցում էին կրտսեր տարիքային խմբի մարզիկներից մինչեւ սպորտի վարպետներ»,- պատմել է բաց մրցաշարի գլխավոր մրցավար Լիանա Պողոսյանը:
Նրա խոսքով, մասնակիցները շատ գոհ են մրցաշարի կազմակերպչական մակարդակից: Նրանք վստահություն են հայտնել, որ հաջորդ տարի իրենց երկրներից ավելի մեծ թվով մարզիկներ կմասնակցեն այդ միջոցառմանը:
«Մեզ համար ուրախալի է, որ տարեցտարի կարող է ավելանալ մրցաշարին մասնակցող երկրների եւ մարզիկների թիվը: Սա մարզիկների միջեւ մրցակցության, յուրահատուկ փորձի փոխանակում է, որը միայն կարող է նպաստել Հայաստանում գեղարվեստական մարմնամարզության զարգացմանը»,- ասել է Լիանա Պողոսյանը:
Ավետիք Պողոսյանն էլ հավելել է, որ անհրաժեշտ է առավել մեծ ուշադրություն հատկացնել Հայաստանում այս սպորտաձեւի տարածմանն ու զարգացմանը, քանի որ այն կարեւոր նշանակություն ունի մեր երիտասարդների առողջ ապրելակերպի տեսանկյունից:
«Մենք մեր օրինակով ցանկանում ենք ցույց տալ, որ անկախ այն հանգամանքից, որ ապրում եւ աշխատում ենք Մոսկվայում, չենք կորցրել կապը Հայաստանի հետ: Ընդհակառակը, մենք ցանկանում ենք հնարավոր ամեն կերպ օգտակար լինել մեր երկրին: Վստահեցնում եմ, որ այսուհետ նոր եռանդով ենք աշխատելու այս ուղղությամբ՝ մեծացնելով «Հայաստանի ծաղիկների» աշխարհագրությունը»,- նշել է Ավետիք Պողոսյանը: