Հայկական քաղաքականության նոր ուժեր և նոր հեռանկարներ
ՙՉպայթած ռումբ՚
ՙՀայաստանի օգնության ծրագիր՚ կազմելու, իսկ փաստացի քաղաքական կուսակցություն ստեղծելու՝ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի կողմից Երևանում հնչեցված մտադրությունը չպայթած ռումբի էֆեկտ ունեցավ հանրապետությունում: Հաշվի առնելով Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը և, գլխավորը, Սահմանադրության վերափոխման նախատեսվող հանրաքվեն՝ Աբրահամյանի կուսակցությունը, ըստ երևույթին, Հայաստանում ներկայացնելու և պաշտպանելու է ռուսական շահերը: Եվ ռուսաստանցի հայազգի միլիոնատերը նոր կուսակցություն ստեղծում է՝ 2017 թ. մայիսին նախատեսվող խորհրդարանական ընտրություններին մասնակցելու նպատակով:
ՙԵրկրորդ տեղ՚
Հայաստանում գլխավոր խաղացող, ըստ որում՝ ոչ միայն քաղաքական դաշտում, Սերժ Սարգսյանին երկար ժամանակ հաջողվում էր պահպանել ժամանակին Ռոբերտ Քոչարյանի կողմից ստեղծված և ֆորմալ կերպով օլիգարխ Գագիկ Ծառուկյանի կողմից ղեկավարվող ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության ռուսամետության միֆը: Այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանը սեփական ձեռքով պայթեցրեց այդ պղպջակը, խորհրդարանում հանրապետականներից հետո երկրորդ տեղն զբաղեցնող ՙռուսամետ՚ կուսակցության տեղը թափուր մնաց: Հաշվի առնելով մնացած՝ խորհրդարանում ներկայացված և ոչ միայն, քաղաքական ուժերի մասնատվածությունը և քաղաքական անկարողությունը՝ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին ՙերկրորդ կուսակցության՚ ստեղծումը հիմնավորված անհրաժեշտություն է թվում:
Ռուսական ռազմավարության վերանայում Հայաստանում
Նման անհրաժեշտություն, անշուշտ, գիտակցում են ոչ միայն ընդհանուր առմամբ արևմտամետ հանրապետականները, այլ նաև՝ Մոսկվան: Մեկ մատի հարվածով ՙԲարգավաճ Հայաստանի՚ ոչնչացումից հետո այն փաստորեն նույնիսկ անվանական ներկայացվածություն չունի Հայաստանի խորհրդարանում: Աբրահամյանի հայտարարությունից հետո կարելի է ենթադրել, որ Ռուսաստանն արմատապես վերանայել է Հայաստանի ներքին քաղաքականությանը մասնակցության իր ռազմավարությունը, ինչը վատ վերահսկվող ռուսամետ տրամադրված Հայաստանի քաղաքացիներին Կրեմլի տոտալ վերահսկողության տակ գտնվող ռուսաստանցի հայազգի օլիգարխներով փոխարինման մեջ է կայանում:
Նոր պայմանավորվածություններ
Վերլուծելով հանրապետականների և ՀՅԴ-ի գործողությունները վերջին կես տարում՝ թվում է, թե այդ երկու ուժերը լիակատար փոխհամաձայնության են հասել առնվազն սահմանադրական հանրաքվեի նպատակահարմարության և 2017 թ. գումարման խորհրդարանում առաջին և երկրորդ տեղի ձևավորման հարցերում: Սակայն, ռուսաստանցի օլիգարխների նոր կուսակցության ի հայտ գալը կարող է էական շտկումներ մտցնել այդ ծրագրերում: Այսինքն՝ ՀՅԴ-ն կրկին, ինչպես Քոչարյանի օրոք, ստիպված է ստեղծված քաղաքական դասավորությունում բավարարվել երրորդ տեղով: Իսկ երկրի գլխավոր շախմատիստը, կամա-ակամա, ստիպված է հաշտվել նոր ՙգործընկերոջ՚ ներկայության հետ՝ հաշվի առնելով Կրեմլի կողմից վերջինիս ուղղակի քաղաքական հովանավորությունը:
Աբրահամյանը ԳԱԱ-ում մամուլի ասուլիսի ժամանակ անսպասելիորեն հայտնեց, որ իր կուսակցությունը կստեղծվի՝ Սերժ Սարգսյանի անձնական հավանությամբ, ինչից հետո հայտարարեց, որ ապագա կուսակիցներն իշխանություններին քննադատել կամ իշխանափոխություն պահանջել չեն պատրաստվում: Ընթերցողի շահերից ելնելով՝ բաց թողնելով ՌՀՄ ղեկավարի ելույթի մնացած կետերը՝ նշենք միայն, որ Աբրահամյանի կողմից վերոհիշյալ տաբուների մասին բարձրաձայնումը, ըստ երևույթին, Կրեմլի, ինչպես նաև ՀՀ նախագահի հետ նրա նախընտրական պայմանավորվածությունների մասն է կազմում:
Ռուսաստանցի օլիգարխները հայկական քաղաքականությունում
Այլ կերպ ասած՝ Աբրահամյանի, ինչպես նաև վերջերս ՀԷՑ-ը ձեռքբերած մեկ այլ ռուսաստանցի միլիարդատեր Սամվել Կարապետյանի ներգրավումը Հայաստանի քաղաքական կյանքում հայկական համակարգային ուղղագիծն էլ ավելի կմերձեցնի ռուսական հիերարխիայի որոշակի շրջանակների հետ: Իր իսկ խոստովանմամբ միլիարդ դոլարներ կորցնելով Լիբիայում՝ Աբրահամյանն ի վիճակի չէ ֆինանսապես միայնակ ապահովել լուրջ և ազդեցիկ քաղաքական ուժի ստեղծումը՝ առանց Forbes-ի միլիարդատերերի ռուսաստանյան վարկանիշում 26-րդ հորիզոնականը զբաղեցնող Tashir Group-ի սեփականատիրոջ:
Կարապետյանի հիմնական ակտիվները, ինչպես նաև Աբրահամյանի, կենտրոնացած են Ռուսաստանում, և հասկանալի պատճառներով նա ուղղակի չի կարող անմասն մնալ ՌՀՄ ղեկավարի կողմից Կրեմլի առաջադրած խնդիրների իրականացումից: Քաղաքական նոր նախագծում պետք չէ բացառել նաև ռուսաստանցի հայտնի ներդրումային բանկիր և բարերար Ռուբեն Վարդանյանի մասնակցության վարկածը, ով հանրաճանաչ է Հայաստանի բնակչության էլիտար-լիբերալ զանգվածի շրջանում:
Հեռանկարներ
Այդպիսով, զբաղեցնելով Գագիկ Ծառուկյանի քաղաքական ոչնչացումից հետո թափուր մնացած տեղը՝ Աբրահամյանի կուսակցությունն ունի հայկական ընտրախավի՝ աղքատ, ընչազուրկ, սակայն բարեկեցիկ կյանք ակնկալող մասին իր շուրջ համախմբելու բոլոր շանսերը, ինչը, միայն պաշտոնական վիճակագրության համաձայն, կազմում է Հայաստանի բնակչության շուրջ 30%-ը: Եվ այդ ճանապարհին ռուսական կուսակցությունն առայժմ միայն մեկ մրցակից ունի՝ ավանդավար ընտրակաշառք բաժանող հանրապետականները: Թեև ոչ ոք այսօր չի կարող բացառել, որ մինչև 2017 թ. մայիսը Հայաստանում քաղաքական նոր ուժեր չեն հայտնվի, ինչու ոչ՝ արևմտամետ, իսկ նախընտրական հեռանկարներն ավելի մշուշոտ չեն դառնա: