Ռուբեն Վարդանյան. Շարժումն ուղղված է Արցախի խնդրի շուրջ հայության համախմբմանը
«Շատ կարեւոր է ներգրավել Հայկական աշխարհը, մենք հիմա այդ ուղղությամբ ենք աշխատում, որովհետեւ Արցախը միայնակ չի կարող, Արցախն ու Հայաստանն առանց իրար չեն կարող ապրել։ Դրա համար կարեւոր ենք համարում ստեղծել մարմին, որը կաջակցի Շարժմանը Հայաստանում ու Սփյուռքում, եւ կկարողանանք աշխարհին ցույց տալ, որ սա միայն արցախցիների խնդիրը չէ, այլ ողջ հայության», - ասել է նա:
Խոսելով «կարմիր գծերը» պահպանելու կարեւորության մասին՝ Ռուբեն Վարդանյանը նշել է, որ դրանց խախտումը նշանակում է ինքնուրույնության աստիճանական կորուստ:
«Կարմիր գիծն այն սահմանն է, որը եթե խախտվեց, նշանակում է՝ դու պետք է ենթարկվես: Անցակետի տեղադրումն այդ կարմիր գծերից մեկի խախտում է: Եթե այս կարմիր գիծը հատում են, հաջորդ քայլը կլինի անձնագիր բաժանելը եւ այսպիսի աստիճանական քայլերով մեզ տանելու են Ադրբեջանի կազմ», - ասել է նա՝ Մարտունու շրջանի բնակիչների հետ հանդիպմանը:
«Մենք ասում ենք, որ պատրաստ ենք բանակցել Ադրբեջանի հետ այն դեպքում, եթե Ադրբեջանն Արցախն ընդունի իբրեւ կողմ, ոչ թե ինչպես հիմա՝ պահանջելով, որ Արցախի նախագահը հանձնվի, բոլոր պետական կառույցները լուծարվեն։ Այդպիսի պայմաններում դու ոչ մի բանակցություն չես կարող ունենալ», - նշել է Վարդանյանը:
