Добавить новость
smi24.net
Новости по-русски
Февраль
2026
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26
27
28

Սաակաշվիլին Թրամփին կոչ է արել «զգույշ լինել»

0

Ներկայացնում ենք Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի Trump must be cautious engaging Georgia’s current leadership հոդվածի հայերեն թարգմանությունը:

Միխեիլ Սաակաշվիլի

Տարիներ շարունակ Հարավային Կովկասը եղել է բացառապես ռուսական գերիշխանության գոտի։ Իրավիճակը փոխվեց Թրամփի վարչակազմի՝ Հայաստանում եւ Ադրբեջանում վերջին դիվանագիտական հաջողություններից հետո։ 

Նման փոփոխությունը հատկապես կարեւոր է այսօր, քանի որ երկու երկրներն էլ սահմանակից են Իրանին։ Վերջին օրերին ԱՄՆ վարչակազմը քայլեր է ձեռնարկել Կովկասի երրորդ երկրի՝ Վրաստանի հետ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ։ Թեեւ սա առաջին հայացքից կարող է դրական քայլ թվալ, կան լուրջ հանգամանքներ, որոնք պետք է հաշվի առնել։

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը վերջերս այցելեց Հարավային Կովկասի երկու երկրներ՝ Հայաստան եւ Ադրբեջան՝ շրջանցելով Վրաստանը: Վրաց օլիգարխ Բիձինա Իվանիշվիլին, ով իր հարստությունը կուտակել է Ռուսաստանում եւ այժմ ոչ պաշտոնապես կառավարում է Վրաստանը որպես իր անձնական կալվածք, մեծ ջանքեր է գործադրում, որպեսզի Միացյալ Նահանգները վերացնի Բայդենի վարչակազմի կողմից իր դեմ սահմանված պատժամիջոցները։

Հարավային Կովկասում ժամանակին կարեւորագույն դերակատար համարվող Վրաստանը այժմ մեկուսացված է ոչ միայն ԱՄՆ-ից, այլեւ գրեթե ամբողջ աշխարհից: Չնայած վրաց ժողովրդի գրեթե ճնշող մեծամասնությունը ամերիկամետ է, Իվանիշվիլիի հետ հարաբերությունները աստիճանաբար կարգավորելու Վաշինգտոնի վերջին փորձերը կարող են բացասական հետեւանքներ ունենալ թե՛ Վրաստանի, թե՛ ԱՄՆ-ի համար։

Անցյալ շաբաթ Իվանիշվիլին իր փոխարտգործնախարարին գործուղեց Վաշինգտոն՝ Պետքարտուղարության պաշտոնյաների հետ հանդիպելու: Թբիլիսիում ԱՄՆ դեսպանատունը հաստատեց, որ Վրաստանի ծայրահեղ ռեպրեսիվ անվտանգության նախարարության ղեկավար Մամուկա Մդինարաձեն հրավեր է ստացել եւ մեկնել է ԱՄՆ՝ Կենտրոնական հետախուզական վարչության ներկայացուցիչների հետ հանդիպման:

Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպել է պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ: Վրաստանի կառավարության քարոզչական Imedi հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Մակա Բոճորիշվիլին ասել է, որ ԱՄՆ պետքարտուղարը իրեն խոստացել է ուշադիր ուսումնասիրել նախորդ վարչակազմից ժառանգած քաղաքականությունը եւ վերանայել երկու երկրների միջեւ հարաբերությունները:

2003 թվականի «Վարդերի հեղափոխությունից» հետո Վրաստանը դարձավ Արեւմուտքի սիրելին։ Երբ ես նախագահ էի, ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ կրտսերը, ով այցելել էր Վրաստան, մեր երկիրը անվանեց «ժողովրդավարության փարոս» աշխարհի համար։ Նախագահ Թրամփը, ով 2012 թվականին Վրաստանում խոշոր նախագիծ էր նախաձեռնել, ասաց, որ Վրաստանն «աշխարհի թիվ մեկ բարեփոխիչն է»։ Երբ 2012-ին նա նախաձեռնեց Թրամփ Թաուերի (Trump Tower) կառուցումը Վրաստանում, նա գովեց ինձ որպես նախագահ՝ ասելով. «Այս մարդը անհավանական աշխատանք է կատարել, եւ մենք կարող ենք նրա մտավոր ներուժի մի մասը օգտագործել մեր մեծ երկրում»։ 

Իսկ այսօր երկիրը խրված է բազմամյա ճգնաժամի մեջ։ Ցուցարարները փողոց են դուրս գալիս Թրամփի եւ Վենսի դիմանկարներով՝ կարծես օգնության կանչելով նրանց։ Այսօր Վրաստանում տոկոսային առումով ավելի շատ քաղբանտարկյալներ կան, քան Վենեսուելայում՝ Մադուրոյի օրոք։ Արդեն հինգ տարի է՝ ես մեկուսարանում եմ. Հիմա ինձ դատում եմ սոցիալական ցանցերում մի գրառման համար, որում ցանկություն էի հայտնել սելֆի անել Իվանիշվիլիի տանը պահվող շնաձկան հետ։

Ընդդիմության բոլոր գլխավոր առաջնորդները բանտարկված են։ Բողոքի ակցիաների մասնակիցներին ձերբակալում են պարզապես մայթին կանգնելու համար։ Լրագրողները ենթարկվում են հետապնդումների եւ բռնությունների։

Վրաստանի օտարերկրյա գործակալների մասին օրենքը, որը մշակվել է Ռուսաստանի օրինակով, նույնիսկ ավելի խիստ է, քան ռուսաստանյան տարբերակը։ Նոր օրենքի համաձայն՝ ցանկացած ձեռնարկատեր, փողոցային առեւտրականից սկսած, քաղաքական հայացքներ արտահայտելու համար կարող է հսկայական տուգանքների եւ քրեական հետապնդման ենթարկվել։

Էլ ավելի խստացնելով այս ռեպրեսիվ օրենքները՝ վարչապետ Իրակլի Կոբախիձեն օրենք է ներկայացրել, որի համաձայն յուրաքանչյուր ոք, ով չի ընդունում Իվանիշվիլիի կառավարության լեգիտիմությունը, կենթարկվի մինչեւ երեք տարի ժամկետով ազատազրկման։

ԱՄՆ շահերը հաշվի առնելու դիմաց Իվանիշվիլին փաստացի պահանջում է, որ Վաշինգտոնը ճանաչի իր իրավունքը՝ բռնություն գործադրելու սեփական քաղաքացիների նկատմամբ եւ կառավարելու Վրաստանը իր ընտրած ձեւով՝ ներառյալ հակառակորդների զանգվածային ձերբակալություններն ու խաղաղ ցուցարարների դեմ արգելված քիմիական նյութերի օգտագործումը։ Նա նույնիսկ հաջողացրել է փչացնել հարաբերությունները ԱՄՆ ռազմավարական գործընկերների՝ Հայաստանի եւ Ադրբեջանի հետ՝ փորձելով խափանել Թրամփի անունը կրող նոր ռազմավարական տրանսպորտային երթուղու կառուցումը։

Ես շատ բան եմ արել ԱՄՆ-ի հետ լավ հարաբերություններ հաստատելու համար՝ վերահսկելով մեր երկու երկրների միջեւ ռազմավարական համաձայնագրի կնքումը: Բայդենի վարչակազմը հրաժարվեց այս համաձայնագրից՝ հղում անելով Վրաստանի ներկայիս կառավարության ռուսամետ եւ հակաժողովրդավարական քաղաքականությանը: Քանի որ վրաց հանրությունը խիստ քննադատում է Իվանիշվիլիին՝ Միացյալ Նահանգների հետ նշանակալից հարաբերությունները խաթարելու համար, իր վարչապետը այժմ հայտարարում է, որ ցանկանում է վերականգնել ռազմավարական հարաբերությունները։

Սակայն վերականգնել հարաբերությունները առանց Վրաստանի գործող կառավարման կառուցվածքի փոփոխության, կդիտարկվի որպես ԱՄՆ վարչակազմի թուլության նշան: Կարեւոր է պահպանել երկխոսությունը, բայց միայն այնպիսի պայմաններով, որոնք կարող են ամրապնդել ԱՄՆ դաշնակիցների դիրքերը Վրաստանում եւ տարածաշրջանում։

ԱՄՆ վարչակազմը հիանալի աշխատանք է կատարել բելառուս քաղբանտարկյալներին ազատ արձակելու հարցում, եւ պետք չէ օլիգարխ Իվանիշվիլիին հատուկ վերաբերմունք ցուցաբերել։ 

Թարգմանությունը՝ Լիլիթ Խաչատրյանի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:















Музыкальные новости






















СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *