Երեք նախկինները՝ Նիկոլ, Սերժ, Ռոբերտ կամ երկիրը եռանկյան թակարդում
Հայաստանի այսօրվա քաղաքական համակարգը հիշեցնում է եռագլուխ փակ համակարգ, որտեղ իրական մրցակցության փոխարեն շրջանառվում են նույն անունները՝ Նիկոլ Փաշինյան, Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան։
Երեք «նախկին» առաջնորդներ. և չնայած Նիկոլ Փաշինյանը կարգավիճակով
նախկին չէ, սակայն քաղաքական տրամաբանությամբ, կառավարման ոճով, կրթական բազայով, ուժային-վարչարարական «Պետությունը ես եմ» հայեցակարգով և աշխարհայացքով նույն 90-ականներին ձևավորված համակարգի գործիչ է։
Երեքն էլ տարբեր են իրենց խոսույթով, ելույթներով ու դիրքավորումներով, սակայն իրականում միասին պահում են իրենց իսկ գծած խաղի կանոնները՝ թույլ չտալով, որ նոր քաղաքական ուժ կամ մտածողություն մուտք գործի երկրի քաղաքական համակարգ։
Սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ բնակչության 60-70 տոկոսը չի ցանկանում իշխանության ղեկին տեսնել այս եռյակից որևէ մեկին, բայց երեքն էլ շարունակում են մնալ քաղաքական օրակարգի կենտրոնում, քանի որ միմյանց առկայությամբ կարողանում են ապահովել իրենց տեղը հայաստանյան քաղաքական արևի տակ։
Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանն ուղղակի պարտավոր է ամեն ինչ անել իշխանության վերարտադրման համար, քանի որ իր անձնական ապահովության միակ երաշխիքը իշխանությունը պահելն է։ Նա համոզված է, որ իշխանությունը կորցնելու դեպքում բացելու է մի շարք դատական և քաղաքական գործընթացների դուռ, որոնցից խուսափելու հնարավորությունը ուղղակի զրոյական է։
Փաշինյանի համար իշխանության կորուստը պարզապես գործունեության ավարտ չէ։ Դա իր և իր ընտանիքի համար անվտանգության կտրուկ անկում է։ Վարչապետ չլինելու հաջորդ օրը Նիկոլ Փաշինյանը կարթնանա Հայաստանի ամենախոցելի քաղաքացու կարգավիճակում՝ զուրկ այն բոլոր անվտանգային և ինստիտուցիոնալ անվտանգության բարձիկներից, որոնք մինչ այդ պաշտպանում էին իրեն։
Այս անկյան տակ է պետք է նայել նրա ներկայացրած ցանկացած օրակարգի՝ լինի խաղաղության, Եկեղեցու, իրական Հայաստանի, կրթության, արժեքների թե պատմության մասին, այն միայն և միայն միջոց է իշխանության երկարաձգման, ոչ թե երկրի զարգացման համար, առանց բարեփոխումների կամ տեսլականի տրամաբանության, զուտ մնալու մարտավարություն։
Ավելացնենք, որ ինչքան էլ Ռոբերտ Քոչարյանը Փաշինյանին համարի ամենամեծ կոռուպցիոներ, ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը դասական կոռումպացված համակարգի մաս չէ։ Եվ հենց դա է նա ներկայացնում որպես իր ամենազորեղ ռեսուրսը՝ հատկապես սոցիալապես խոցելի խավերի աչքին։
Նա հիանալի հասկանում է, որ եթե անձամբ թաթախվի որևէ բացահայտ կոռուպցիոն գործարքի մեջ, դա լիարժեք կկործանի այն պատկերացումը, որ նա՝ իր բոլոր թերություններով հանդերձ, «իրենցից մեկն է»։
Բայց ինչպես նախկինները, Փաշինյանն էլ առանձնանում է շքեղության հանդեպ ակնհայտ նախասիրությամբ։ Իր անձնական սպասարկող մեքենաներն և ուղեկցող ավտոշարասյունը գերթանկարժեք են։ Նա և Աննա Հակոբյանը անգամ հասարակական նախաձեռնությունների մասնակցության համար, օրինակ՝ «Կրթությունը նորաձև է» արշավի շրջանակում դեպի մարզեր մեկնում են ուղղաթիռով, կառավարական առանձնատան վերանորոգման համար ծախսվում են միլիոնավոր դոլարներ, իսկ արտասահմանյան գործուղումների ընթացքում օգտվում գերշքեղ հյուրանոցներից։
Երբ այդ ամենը հարցականի տակ է դրվում, պատասխանը սովորաբար նույնն է՝ «այդպես է սահմանված «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքով», մոռանալով, որ խորհրդարանն անգամ Սահմանադրությունն է փոխել, երբ Փաշինյանը դրա հրահանգն է տվել, և այդ շռայլությունների սահմանափակման օրենսդրության փոփոխությունը կարող էր հեշտությամբ իրականացնել 24 ժամի ընթացքում։
Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, վերջինիս քաղաքականության շարժիչ ուժը միշտ եղել է փողը։ Չնայած «շախմատիստի» հանրային կերպարին՝ նրա կառավարման տրամաբանությունը հիմնված է եղել կապերի, լոյալության ու միմյանց վրա կոմպրոմատների շնորհիվ պահվող լռության համակարգի վրա։ Տասնամյակներ շարունակ՝ թե՛ իր նախագահության տարիներին, թե՛ Քոչարյանի, նա է եղել հիմնական dealmaker-ը, որի շնորհիվ կուտակել է այնպիսի ազդեցություն, որի հիմքում կրկին և կրկին փողն է՝ շաղախված գաղտնի համաձայնություններով և գործարքներով։
Սարգսյանին մոտիկից ճանաչող մարդիկ կփաստեն, որ նրա հայրենասիրությունը նույնքան մակերեսային է, որքան նրա պատկերացումները պետական կառավարման մասին։ Այսօր էլ Սարգսյանը հանդես է գալիս որպես «ստրատեգ պետական գործիչ», բայց նրա իրական կշիռը հիմնվում է բազմաթիվ անտեսանելի կապերի և գործարքների մասնակցության վրա, իսկ նրա ներկայությունը քաղաքական դաշտում առավել շատ ապահովում են փակ գործարքները, կոմպրոմատների պայուսակները, քան հրապարակային քաղաքական գործընթացները։
Սարգսյանը տասնյակ տարիների ընթացքում քաղաքական և տնտեսական բազմաթիվ գործարքներ է հաջողացրել, «հաճախորդների» լայն բազա ձևավորել, բիզնեսներ կիսել ու բաշխել, այնքան խաչվող շահերի մեջ է եղել, որ Հայաստանում տասնյակ հազարավոր մարդիկ անտեսանելի թելերով կապված են հենց իր գործունեության հետ։
Նաև դրա շնորհիվ է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիները, բոլոր հակասություններով հանդերձ, Սարգսյանի թիմակիցների համար դարձել են բացառիկ բարգավաճման շրջան։
Առանց վերապահումների կարելի է ասել, որ հանրապետականները հիմա ապրում են շատ ավելի լավ, քան ապրել են հենց հանրապետականների իշխանության ժամանակ։ Բացառությամբ հանրությանը ցուցադրական կերպով ներկայացվող մի քանի դեմքերի՝ Աշոտյան, Շարմազանով, որոնք ապահովում են հալածյալ քաղաքական ուժի հանրային դիմագիծը, մնացած բոլորը հիմնականում աճում ու բարգավաճում են, հաղթում պետական դրամաշնորհների առյուծի բաժինը և ավելացնում իրենց տնտեսական ներուժը։
Առանձին դեպք է Ռոբերտ Քոչարյանը, որը շարունակում է ներկայանալ որպես «ուժեղ առաջնորդ», սակայն այդ կերպարը սնվում է բացառապես անցյալի հիշողություններով։ Նրա նախկին կապերը, այդ թվում՝ Ռուսաստանի նախագահի հետ, այլևս չեն գործում նախկին ազդեցությամբ։ Քոչարյանի ներկա խոսույթը կարծես սառել է իր նախագահության տարիների մասին հուշապատումների մեջ։ Նրա վերջին երկարաշունչ հարցազրույցները կենտրոնացած են ոչ թե ապագայի ռազմավարությունների, այլ նախկին հաջողությունների վերապատմության վրա։
Քոչարյանի քաղաքական ընկալումները և պատկերացումները համահունչ են իր 70-ամյա տարիքին։ Պետական կառավարման, ուժի և արտաքին քաղաքականության մասին նրա տեսլականը ակնհայտորեն կտրված է ներկայիս տարածաշրջանային և գլոբալ դինամիկայից։ Նրա պատկերացրած իշխանությունը չունի ուղիղ առնչություն 21-րդ դարի մարտահրավերների ու հնարավորությունների հետ։ Իսկ իր ներկայացվող օրակարգով նա ոչ թե առաջ է շարժվում, այլ փորձում է վերադարձ կատարել մի դարաշրջան, որը վաղուց անցյալում է։
Իրականում Քոչարյանի համար քաղաքականությունն այսօր վաղուց դուրս է եկել պետական առաջնորդության շրջանակից։ Նրա ներկայիս քաղաքական ներգրավվածությունը հիմնականում միտված է անձնական հարցերի լուծմանը, մասնավորապես՝ ապահովելու իր ֆինանսական բազմաճյուղ կայսրության կայունությունը և երաշխավորելու իր անձնական անվտանգության և ազդեցության շրջանակները։
Քոչարյանն արդեն արդարացվել է «Մարտի 1»-ի գործով, ձևավորել է խորհրդարանական խոշոր ընդդիմադիր ուժ և կարողացել է իր խմբակցության մեջ ընդգրկել մի շարք երիտասարդ և խոստումնալից քաղաքական գործիչների։ Նա առանց իշխանության էլ իրեն վատ չի զգում այս կարգավիճակում, իսկ նրա օրակարգը ոչ թե զարգացման կամ փոփոխության շուրջ է, այլ կարգավիճակի պահպանման։
Վերջին մի քանի տարիներին այն փոքրաթիվ դեպքերը, երբ որոշակի այլընտրանք է փորձել ձևավորվել մարդկանցից, որոնք կարող են առաջնորդել, նրանք ենթարկվել են աննախադեպ հարձակումների այս երեք ուժերի կողմից, ուստի այս ամեն իրական այլընտրանքը խեղդվում է, երբ դեռ չի էլ ձևավորվել, և նոր ուժ չի հայտնվում ոչ թե որովհետև չկա, այլ որովհետև իրեն տեղ չի թողնվում։
Ակնհայտ է, որ երբ ընտրությունը դառնում է երեք նախկինի միջև, դա ընտրություն չէ, այլ նույն համակարգի տարբեր ելքեր, որոնք բոլորն էլ տանում են փակուղի։ Նոր ուժեր չեն հայտնվում, ոչ թե որովհետև հասարակությունը չի ցանկանում, այլ որովհետև դաշտը խեղված է այս երեք նախկինների պատճառով։
Ինչպես ժամանակին Շարմազանովն ու Աշոտյանն էին պնդում, թե Սերժ Սարգսյանն անփոխարինելի է, հիմա էլ ՔՊ տարբեր ներկայացուցիչներ են ասում՝ Փաշինյանից այն կողմ ոչինչ չկա։ Բայց կյանքը ցույց է տալիս՝ եթե ժողովուրդը ցանկանա, կքշի ու կտանի բոլոր «անփոխարինելի» փոխարինելիներին։
Ինչպես Ֆրիդրիխ Նիցշեն էր ասում՝ «Ոչ ոք այնքան անփոխարինելի չէ, որքան ինքն է կարծում»։
Իշխանությունը միշտ անցողիկ է:
Մարի Ներսեսյան
MediaLab.am
The post Երեք նախկինները՝ Նիկոլ, Սերժ, Ռոբերտ կամ երկիրը եռանկյան թակարդում first appeared on MediaLab Newsroom-Laboratory.
