Փաշինյանը վարչապետի պաշտոնը վերածել է քինախնդրության, իրավապահ համակարգն օգտագործում է իր քաղաքական նպատակների համար. Խաժակյան
«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Դավիթ Խաժակյանը
– Պարո՛ն Խաժակյան, գործարար, «Տաշիր գրուպ» ձեռնարկությունների սեփականատեր Սամվել Կարապետյանին բերման ենթարկելուն հաջորդեց ԱԱԾ պետին պաշտոնանկ անելու վարչապետի որոշումը: Ոմանք այս պաշտոնանկությունը ուղիղ կապեցին այն բանի հետ, որ Արմեն Աբազյանը հրաժարվել է կալանավորել Սամվել Կարապետյանին, ինչը սակայն հերքեց Նիկոլ Փաշինյանը՝ ասելով, որ «ԱԱԾ պետը չի կարող իմ որևէ կարգադրություն չկատարել»: Ինչպե՞ս եք մեկնաբանում կատարվող զարգացումները:
– Քանի որ Փաշինյանը պատերազմ է հայտարարել Եկեղեցու դեմ, չի կարող հանդուրժել որևէ ազդեցիկ անձի աջակցություն Եկեղեցուն, ինչպիսին Սամվել Կարապետյանն էր: Փաշինյանը երեկ իր գրառումներով հստակ ցույց տվեց, որ այն իրավական հետապնդումը, որ սկսվել է Սամվել Կարապետյանի նկատմամբ, վերաբերում է Եկեղեցուն աջակցելուն:
Այս գործողությունները ցույց են տալիս, որ Փաշինյանը վարչապետի պաշտոնը վերածել է քինախնդրության, որ իրավապահ համակարգն օգտագործում է իր քաղաքական նպատակները սպասարկելու համար, ու, ի վերջո, ցույց տվեց, որ որևէ բանի առաջ կանգ չի առնում, Փաշինյանին քիչ է հետաքրքրում, թե պետության վրա այս ամենն ինչպես է անդրադառնալու:
Ինչ վերաբերում է ԱԱԾ պետի պաշտոնանկությանը, ապա կարծում եմ, որ, այո՛, դրանք փոխկապակցված են, ու եթե մենք ուշադրություն դարձնենք, թե ուժայիններում ինչ փոփոխություններ են տեղի ունեցել, մասնավորապես, ոստիկանապետի պաշտոնում վերջին նշանակումը, նկատի ունեմ՝ ներքին գործերի նախարարի տեղակալի, ապա կտեսնենք, որ նշանակվում են պաշտոնյաներ, որոնք անվերապահորեն լոյալ են Փաշինյանին ու պատրաստ են նրա յուրաքանչյուր հանձնարարություն, այդ թվում և՝ ոչ իրավաչափ, կատարել, ու ենթադրում եմ, որ ԱԱԾ պետի փոփոխությունը հենց այդ ժանրից է:
– «ԱԱԾ պետը չի կարող իմ որևէ կարգադրություն չկատարել»՝ գործադիրի նման հայտարարությունն ինչի՞ մասին է վկայում:
– Այն մասին, որ Հայաստանում ուժային մարմինները դարձել են քաղաքական ղեկավարի, այս դեպքում՝ Փաշինյանի կամակատարը, առանց հաշվի առնելու որևէ օրինականություն, իրավաչափություն: Ուժայիններն առաջնորդվում են իրենց վերաբերելի օրենսդրությամբ ու չեն կարող առաջնորդվել քաղաքական ղեկավարի հանձնարարականներով, բայց այն բանից հետո, երբ ԲԴԽ ղեկավարը՝ որպես անկախ կառույցի ղեկավար, Փաշինյանի sms-ը ստանալուց հետո հրաժարական ներկայացրեց, ԱԱԾ տնօրենի կամ ոստիկանապետի մասին խոսելն ավելորդ է, արդեն ամեն բան պարզ է:
– Պարո՛ն Խաժակյան, այս իրադարձություններն ի՞նչ հնարավոր զարգացումներ կունենան, որո՞նք կարող են լինել դրանց հետևանքները երկրի ներքին ու արտաքին անվտանգության վրա:
– Ես հիշում եմ, թե 2020-ի պատերազմի նախաշեմին ինչով էր զբաղված Հայաստանը. դա մի հանրաքվե էր, որը միտված էր Սահմանադրական դատարանի երկու-երեք դատավորին իրենց պաշտոններից ազատելուն, այսինքն՝ մի սին օրակարգ, մեկ անձի քաղաքական ամբիցիաները բավարարելուն միտված:
Հիմա էլ նույնն է տեղի ունենում, ու մենք կրկին աղետի նախաշեմին զբաղված ենք չգիտեմ ինչով: Բայց եթե նախկինում ոտնձգություն էր իրականացվում Բարձրագույն դատական համակարգի նկատմամբ, հիմա ոտնձգություն է կատարվում բարձրագույն ազգային արժեքների, այս դեպքում՝ Եկեղեցու նկատմամբ: Բնականաբար այս ամենի հետևանքը ծանր է լինելու՝ հատկապես հաշվի առնելով Իրան-Իսրայել լարվածությունը, որը մեզ վրա միայն բացասական ազդեցություն կարող է ունենալ:
– Բայց Նիկոլ Փաշինյանը լրագրողներին ասել է, թե Սյունիքի վտանգված լինելու լուրերն իրականությանը չեն համապատասխանում, թե Հայաստանի ու Ադրբեջանի միջև նոր պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն: Գուցե նա ունի՞ այդ վստահությունը, որ ոչ մի աղետ էլ չի սպասվում, ինչպես ասում եք:
– 2020-ին էլ էին նման հայտարարություններ անում՝ պատերազմի հավանականությունը զրոյական համարելով, նոր տարածքներ էին գրավում Ադրբեջանի ագրեսիային ի պատասխան: Պոռոտախոս իշխանության վարքագիծ է, որը ռեալությունները չի կարողանում գնահատել, պետությունը բերում է աղետի: Որևէ նոր բան չկա նրանց վարքագծում, այս ամենը տեսել ենք արդեն ու ոչ մեկ անգամ:
Քրիստինե Աղաբեկյան
The post Փաշինյանը վարչապետի պաշտոնը վերածել է քինախնդրության, իրավապահ համակարգն օգտագործում է իր քաղաքական նպատակների համար. Խաժակյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.
