Добавить новость
smi24.net
World News
Декабрь
2025

Գաղտնալսումը դառնում է օրինական. ակնհայտ է, որ քաղաքական նպատակներից ելնելով արվող փոփոխություն է. Տաթևիկ Սողոյան

0

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է փաստաբան Տաթևիկ Սողոյանը

– Տիկի՛ն Սողոյան, արդարադատության նախարարությունը օրենքի նախագիծ է շրջանառել, որով նախատեսում է փոփոխություններ կատարել «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում: Առաջարկվում է օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 8-րդ, 11-րդ, 12-րդ և 15-րդ կետերով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումները, անկախ հանցանքի ծանրության աստիճանից, իրականացնել նաև կաշառք տալու կամ ստանալու ենթադրյալ հանցանք նախապատրաստող կամ կատարած անձանց նկատմամբ: Ի՞նչ է ենթադրում այս փոփոխությունը, ինչպե՞ս կգնահատեք այն:

– Նշեմ, որ մասնակի ընկալում է, թե այս նախագիծը վերաբերում է գաղտնալսման, որովհետև սա ներքին ու արտաքին դիտումների ընդհանուր համալիրն է, որը չի ենթադրում միայն գաղտնալսում, այլ նաև ուրիշ միջոցներ, օրինակ՝ գաղտնի տեսանկարահանում և այլ միջոցների համակցություն է ներառում: Սա մասնագիտորեն էական հետընթաց է մարդու իրավունքների պաշտպանությունից, բնականաբար դրական գնահատականի արժանանալ չի կարող, որովհետև մենք ունենք եվրոպական ստանդարտ, որը միանշանակ ասում է, որ բոլոր այն դեպքերում, երբ պետությունը գործում է այս միջամտություններով, այն միջամտում է մարդու անձնական ու ընտանեկան կյանքի գաղտնիության իրավունքին: Այդ միջամտությունը պետք է ամեն դեպքում շատ ծանրակշիռ ու արդարացված լինի հստակ փաստերով: 

Միջամտությունների երկու ծայրահեղություն նշեմ. այն դեպքում, երբ տեխնիկական միջոցները օգտագործվում են անձանց հետևելու, օրինակ՝ ահաբեկչություն կանխելու համար, դա արդարացված է: Բայց, օրինակ՝ «Գլուխինն ընդդեմ Ռուսաստանի» գործում ասվել է, որ եթե դու տեխնիկական միջոցներն անձի մասնավոր կյանքի միջամտությամբ օգտագործում ես փոքր իրավախախտումներ հայտնաբերելու, պատժելու հարցում, դա արդարացված չէ հանրային գերակա շահով ու չի կարող արդարացված միջամտություն համարվել: 

Եվրոպական դատարանը շատ հստակ այս դիրքորոշումն արտահայտել է, և այս պարագայում բերել օրենքի մակարդակում անկեղծություն դրսևորել, ասել, դե այսուհետ բոլոր տեսակ հանցանքների համար մենք արտաքին դիտում, ներքին դիտում օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ենք անում, իհարկե ընդունելի չէ: Ինչո՞ւ եմ ասում անկեղծություն դրսևորել, որովհետև մենք հիմա փաստացի պրակտիկայով հասկանում ենք, որ եթե իրավապահ մարմիններն ունեն որևէ մեկին գաղտնալսելու այդ հետաքրքրությունը կամ քաղաքական հանձնարարականը, ապա անկախ օպերատիվ տվյալի առկայությունից կամ բացակայութունից՝ տակը գրում էին օպերատիվ տվյալ ու սկսում գաղտնալսել, հիմա արդեն սա էլ չեն անի: 

Փաստացի ամեն չնչին կասկածի դեպքում էլ կարող են երկարատև ժամանակ երրորդ անձանց սեփականությունը դարձնել մեր անձնական կյանքի մանրամասները: Սա հերթական նախագիծն է դեպի բռնապետական ռեժիմ ձգտող իշխանության համար, ուրիշ բացատրություն չունեմ: 

– Ըստ էության, ստացվում է, որ մենք գործ ենք ունենալու կամայականությա՞ն հետ:

– Իհարկե: Ես էլ ասում եմ, եթե իրենք շահագրգիռ են կոռուպցիոն գործարքները այսպիսով նվազեցնել, ապա բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնատար անձինք կոռուպցիայի շատ ավելի մեծ ռիսկի աղբյուր են, քան սովորական քաղաքացին: Այդ դեպքում ինչո՞ւ պետք է հանրությունն էլ չունենա հակադարձ պաշտպանության գործիքը ու չպահանջի, որ այդ մարդկանց անձնական կյանքի ամբողջ տեղեկատվությունը իրեն հայտնի լինի, մի գաղտնալսող սարք էլ տեղադրված լինի բարձրաստիճան պաշտոնյաների գրպանում, որպեսզի հանրությունը կարողանա վերահսկել ու տեսնել, թե այս մարդիկ կոռուպցիոն ռիսկերի գնո՞ւմ են, թե՞ չէ: 

– Ձեր գնահատմամբ՝ Կառավարությունն ինչո՞ւ է նման քայլի դիմում:

– Առջևում ընտրություններ են, ու սպառված լեգիտիմության պարագայում իշխանությունը խնդիր ունի ավելի ինստիտուցիոնալ դարձնել ռեպրեսիվ համակարգը ու այսպիսով շատ ավելի հեշտ հասանելիություն ունենալ ցանկացած անցանկալի անձի՝ քաղաքական գործընթացներից մեկուսացնելուն: Այլ հիմնավորում չեմ տեսնում, մենք էլ ենք տեսնում, որ առանձնակի հիմնավորված էլ չէ այս նախագծով, թե, օրինակ՝ պայմանական մեծ կամ միջին չափի կոռուպցիոն հանցագործությունների պարագայում իրենք որքա՞ն ազդեցություն են ունենում, ասենք, տնտեսության վրա, որքա՞ն են դրանք կազմում ստվերային տնտեսության մաս: 

Ոչ մի հիմնավոր նշում չկա, որ, օրինակ, մեր երկրի առաջնահերթությունը հենց այն փոքր 5000 դրամ կաշառքներն են, դրա համար եկեք այս զոհողությանն էլ գնանք: Պարզ է, որ սրա հետևում զուտ քաղաքական դրդապատճառներ են, որովհետև իրականում պետությունը զուտ մասնագետների առումով նույնիսկ այդքան ռեսուրս չունի, որպեսզի հնարավորություն ունենա այդքան մարդու գաղտնալսելու: Հասկանալի է, որ սա որպես գործիք պահելու են, որ ի սկզբանե ում նկատմամբ գաղտնալսելու դիտավորություն են ունեցել, հենց նրա մասով էլ կիրառեն: 

– Տիկի՛ն Սողոյան, այսինքն՝ սա անում են, որ օրենքով ապահովագրվա՞ծ լինեն իրենց գործողությունները:

– Այո՛: Դուք հիշո՞ւմ եք, Գյումրու այս վերջին ընտրությունների ժամանակ Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրություններին նախորդող օրը հրապարակեց ձայնագրություն, որտեղ երկու երիտասարդ աղջիկ խոսում էին իրենց առօրյա խնդիրների մասին: Զրուցակիցներից մեկը հազիվ անցողիկ շեմը հաղթահարող ուժի ավագանու ցուցակից էր։ Զրույցը ծավալվում էր այնպես, որ եթե իրենց թեկնածուն անցնի ու, օրինակ, դառնա քաղաքապետ, հնարավոր կլինի լուծել մյուս զրուցակից աղջկա պարի համույթի տարազների հարցը: 

Հրապարակվեց այս ձայնագրությունը, քրգործ հարուցվեց նյութապես շահագրգռելու հոդվածով: Հիմա հարց՝ ինչի՞ հիման վրա էր 23 տարեկան աղջիկը, լինելով ցուցակում վերջին համարներից մեկը, շարժել իրավապահների հետաքրքրությունը, որ որոշել էին գաղտնալսել նրան հերիք չէ, մի հատ էլ պարզեին, որ այն մյուս կինն էլ տարազների վերաբերյալ խնդիր է ունեցել: Ստացվում է, որ այդ աղջիկը ծանր կամ առանձնապես ծանր հանցանք կատարելու դիտավորություն չէր կարող ունենալ: Հիմա այս շինծու հիմքերն էլ սարքելու կարիք չի լինի, այսպիսով մարդու անձնական, ընտանեկան կյանքը դառնալու է հանրության սեփականությունը: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Գաղտնալսումը դառնում է օրինական. ակնհայտ է, որ քաղաքական նպատակներից ելնելով արվող փոփոխություն է. Տաթևիկ Սողոյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.















Музыкальные новости






















СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *