Հայաստանը 459 հազար դոլարով կգնի 12-րդ դարի հայկական եկեղեցու եզակի դռան փեղկը` Լոնդոնի միջազգային աճուրդից. Zartonk Media
Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել 12-րդ դարի հայկական եկեղեցու հազվագյուտ դռան փեղկի գնմանը Լոնդոնում անցկացվող միջազգային աճուրդից։ Գնման և Հայաստան տեղափոխման համար պետական պահուստային ֆոնդից կտրամադրվի մոտ 459 հազար դոլար (175 մլն 360 հազար դրամ)։ Ձեռք բերվող մշակութային արժեքը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում։
Այս մասին հայտնում է Zartonk Media-ն։
Ըստ աղբյուրի, փայտե քանդակազարդ դռան փեղկը թվագրվում է 1188 թվականով, ինչն ապացուցվել է ռադիոածխածնային հետազոտությունների միջոցով։ Այն միջնադարյան հայկական փայտագործության բացառիկ նմուշ է և ձեռք է բերվում կառավարության՝ հայկական մշակութային ժառանգության վերադարձի ծրագրի շրջանակում։ Ծրագրի նպատակն է հայտնաբերել և Հայաստան վերադարձնել այն արժեքները, որոնք հայտնվել են մասնավոր հավաքածուներում կամ միջազգային աճուրդներում։
«Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հայտնել է, որ գործի մշակութային արժեքը հաստատվել է ինչպես գիտական ուսումնասիրություններով, այնպես էլ տեղում աշխատած մասնագետի եզրակացությամբ։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ մինչ 1990-ականները հայտնի էր ընդամենը ութ նմանատիպ դռան փեղկ, իսկ փայտե քանդակագործության օրինակներն ընդհանրապես բացառիկ են։ Նրա խոսքով՝ այս նմուշը լիովին համապատասխանում է Բագրատունիների շրջանի հայկական միջնադարյան արվեստի ավանդույթներին։
Նշվում է, որ դռան փեղկը 1980-ականներին հայտնվել է միջազգային շրջանառության մեջ և գտնվել մասնավոր հավաքածուում՝ Նյու Յորքում։ Լոնդոնի Sam Fogg արվեստի սրահի կայքում ներկայացված է նույնատիպ դուռ՝ որպես Հաղպատի վանքի համար 1188 թվականին պատրաստված մոնումենտալ փայտե դուռ։
Նույն ծրագրի շրջանակում Հայաստանը վերջերս ձեռք է բերել նաև նկարիչ Արշիլ Գորկու մի ստեղծագործություն, որը նույնպես շուտով կտեղափոխվի Հայաստան»,-նշում է Zartonk Media-ն։
The post Հայաստանը 459 հազար դոլարով կգնի 12-րդ դարի հայկական եկեղեցու եզակի դռան փեղկը` Լոնդոնի միջազգային աճուրդից. Zartonk Media first appeared on MediaLab Newsroom-Laboratory.
