Իշխանությունը չգնաց լյուստրացիայի, որովհետև իրենց պետք էին կոմպրոմատներ` ցանկալի պահի, ցանկացած մարդու վերաբերյալ.Կարապետյաց
«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Նժար» սահմանադրական շարժման անդամ Նինա Կարապետյանցը
– Տիկի՛ն Կարապետյանց, նախօրեին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը պատկանող լրատվամիջոցը՝ civic.am-ը, ԱԱԾ-ից ստացած փաստաթուղթ է հրապարակել՝ պնդելով, թե Ամենայն հայոց կաթողիկոսի եղբայրը՝ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, 80-ականներին հավաքագրվել է սովետական Պետական անվտանգության կոմիտեի՝ ԿԳԲ-ի կողմից։ Ի՞նչ կարող եք ասել հրապարակված փաստաթղթի վերաբերյալ:
– Նախ ասեմ, որ իրենք երևի լավ չեն պատկերացնում, թե ինչպե՛ս է գործել Սովետական Միությունը: Տեղեկացնեմ, որ Սովետական Միության տարիներին լինել կրոնական կազմակերպության ներկայացուցիչ ու չլինել ԿԳԲ-ի վերահսկողության տակ, հնարավոր չէր պատկերացնել, դա բացառված տարբերակ էր, որևէ մեկը, անգամ մեր ժողովրդի կողմից շատ սիրված Վազգեն Առաջինի թեկնածությունը, կաթողիկոսության հետ կապված, քննարկվել է ԿԳԲ-ում, եթե ինչ-որ մարդիկ չգիտեն դրա մասին, թող իմանան, դա իրականության մի մասն է: Սա չի վերաբերում միայն կրոնական կազմակերպություններին, այդ թվում գիտնականները, որոնք աշխատում էին արխիվների հետ, որոնք հասանելիություն ունեին արխիվային որոշակի փակ փաստաթղթերի, նրանք ևս ԿԳԲ-ի բուռն վերահսկողության ներքո էին:
Երբ 2018 թվականին ես հետևողականորեն պնդում էի, որ մենք կարիք ունենք լյուստրացիայի, ինձ առանձին մոտեցել են առանձին ոլորտի մասագետներ, որոնք ասել են, որ իրենք ևս ունեն ստորագրված փաստաթուղթ, ինչպես Արարատ Միրզոյանի հայտնի փաստաթուղթն էր, որը հրապարակվեց, բայց դա չի նշանակում, թե այդ մարդիկ զբաղված են գործ տալով: Այնպես որ, նմանատիպ փաստաթղթեր կան շատ ու շատ մարդկանց վերաբերյալ, որոնք Սովետական Միության տարիներին ինչ-որ գործունեությամբ են զբաղվել, կարող է նաև բանվոր դասակարգի վերաբերյալ էլ նման փաստաթղթեր լինեն:
Ինչ վերաբերում է լյուստրացիայի պրոցեսին. 2018 թվականից, երբ ես պնդում էի, որ մենք կարիք ունեինք լյուստրացիայի, այդ թվում այսօրվա իշխանությունը ու նրանց սպասարկող քաղհասարակության ճնշող մեծամասնությունը պնդում էին, թե դրա կարիքը չկա, հատուկենտ մարդիկ էին, որ խոսում էին լյուստրացիայի անհրաժեշտության մասին: Իշխանությունը չգնաց լյուստրացիայի, որովհետև իրենց պետք չէր կոմպրոմատներից ձերբազատված հասարակություն, իրենց պետք էին կոմպրոմատներ, որպեսզի իրենց համար ցանկալի պահի, ցանկացած մարդու վերաբերյալ կարողանային այդ թղթերը թափահարել, հաղթական ճառեր հնչեցնել, իրենց պրոպագանդիստներն էլ ասեին՝ տեսեք ինչ է եղել:
Կներեք, ինֆանտիլ ու դեգեներատ է պետք լինել, չհասկանալու համար, որ կրոնական կազմակերպության ցանկացած՝ դպիրից սկսած մինչև բարձրագույն պաշտոն զբաղեցնողների վերաբերյալ կան տեղեկություններ, ու որոշակի թղթեր կարող են լինել ստորագրված ու պետք է լինեն սովետական ժամանակաշրջանի համար, դրանում որևէ արտառոց բան չկա: Իշխանությունը չգնաց լյուստրացիայի, որովհետև իրենց անձնական շահերի համար այդ կիսատ-պռատ փաստաթղթերը պետք է օգտագործեին որևէ մեկի բերանը փակելու համար:
– Ճեպազրույցի ժամանակ երբ Փաշինյանին հարցրին, թե ինչո՞ւ իր հայտարարությունից հետո, որ Եզրաս Սրբազանը իբր ԿԳԲ-ի գործակալ է, չհետևեց իրավական գործընթաց, նա ասաց, որ իրավական գործընթացներին ընթացք չեն տալիս՝ ելնելով ազգային անվտանգության շահերից: Իսկ նմանատիպ փաստաթղթերի հրապարակումը ազգային անվտանգության համար վտանգ չի՞ ներկայացնում:
– Նիկոլ Փաշինյանն առաջնորդվում է ոչ թե ազգային ու պետական շահերով, այլ՝ իր անձնական շահերից ու նկրտումներից ելնելով, նա մտածում է բացառապես իր մասին, իր վերարտադրության մասին: Սա խայտառակություն է ու հերթական անպատասխանատու քայլը, որովհետև ԱԱԾ-ի արխիվները կամ դու բացում ես ու բոլորի վերաբերյալ տեղեկություն ես տալիս, կամ չես տալիս:
Նախորդ միտքս շարունակելով ասեմ, որ այս իշխանությունը նաև չգնաց լյուստրացիայի, որովհետև այսօրվա իշխանության բազմաթիվ դերակատարներ ուղղակի չէին անցնելու այդ լյուստրացիան, քանի որ կպարզվեր, որ իրենցից շատեր ոչ թե ԿԳԲ-ի գործակալներ են, այլ որ իրենցից շատեր Հայաստանը չեն ներկայացնում ու այլ երկրների՝ բառացիորեն թշնամական երկրների կողմից ներդրված գործակալներ են:
Սա Նիկոլ Փաշինյանի հերթական անպատասխանատու քայլերից մեկն է, որովհետև եթե սովետական տարիներին ինչ-որ մեկը թուղթ ունի ստորագրած, տեղեկացնեմ, որ Սովետական Միությունը վաղուց է փլուզվել, եթե կան ներկայիս գործող երկրների կողմից հավաքագրված գործակալներ, որոնք գործում են Հայաստանի դեմ, ապա դրա վերաբերյալ պետք է քրգործեր լինեն: Ես այսօր էլ՝ արդեն որպես վարչապետի թեկնածու պնդում եմ, որ մենք պարտադիր պետք է անցնենք լյուստրացիայի միջով, բայց դա չի կարող անել այսօրվա իշխանությունը, որը, ինչպես ասում են, յոթ երկրի գործակալի վարքագիծ է դրսևորում:
– Ի՞նչ նպատակով է այս թուղթը հրապարակվել:
– Որպեսզի կարողանա հիմնավորել իր սպոնտան ասած ինչ-որ խոսք:
– Իսկ սրան ի՞նչ գործողություններ կարող են հետևել, որովհետև հնչում են տեսակետներ, թե մինչև տարեվերջ Փաշինյանը ձերբակալելու է Վեհափառին:
– Արդեն գոյություն չունեցող պետության կառույցի կողմից ինչ-որ փաստաթղթի՝ առանց հիմքերի, որովհետև այդ թուղթը ոչնչի մասին է, դրա հիման վրա որևէ բան անելն աբսուրդ է: Կոնկրետ հիմա որևէ երկրի գործակալ լինելու մասին տեղեկություն ունի՞, թող հրապարակի ու քրգործ հարուցի, ես խնդիր չեմ տեսնում: Թող կարողանան հիմնավորել ու համապատասխան գործընթացներ իրականացնել, որոնք սահմանում է Քրեական օրենսգիրքը: Բայց ես ուրիշ մտավախություն ունեմ, որ կարող են հնթացս ինչ-որ պրոցեսներ իրականացնել, մեղադրանք, կալանավորում, հետո Դավիթ Սանասարյանի նման վերջում արդարացնեն, բայց մենք ժամանակ կկորցնենք: Բայց ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը սա չի մարսի, նմանատիպ գործողությունը նա ուղղակի չի մարսի:
– Տիկի՛ն Կարապետյանց, այս թղթի հրապարակումից հետո շատ խոսվեց նաև ԱԱԾ-ի՝ որպես ազգային անվտանգությունն ապահովող կառույցի դերի ոչնչացման մասին, ձեր դիտարկմամբ՝ նմանատիպ քայլերը այս կառույցի համար ի՞նչ հետևանքներ են ունենալու:
– Թեպետ մինչև այս պահն էլ այդ կառույցը առանձնապես մեծ վստահություն չէր ներշնչում, բայց սրանից հետո որևէ ողջամիտ մարդ, որը կհամարի, որ ունի բավարար տեղեկություններ պետությանը օգնելու, այլևս չի դիմելու ու չի համագործակցելու ԱԱԾ-ի հետ, իսկ դա շատ կարևոր խնդիր է, դա հարված է մեր ազգային անվտանգությանը: Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն կազմաքանդում է մեր մտածողությունը պետության նկատմամբ, արժեզրկում է ամեն ինչ: Այս պահից սկսած որևէ մեկը չի ցանկանա համագործակցել ԱԱԾ-ի հետ, շնորհավորում եմ, Նիկոլ Փաշինյանը մի կառույց էլ կազմաքանդեց:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am
The post Իշխանությունը չգնաց լյուստրացիայի, որովհետև իրենց պետք էին կոմպրոմատներ` ցանկալի պահի, ցանկացած մարդու վերաբերյալ.Կարապետյաց first appeared on MediaLab Newsroom-Laboratory.
