Նիհարեցնող դեղը՝ որպես քաղաքական սակարկության գործիք Լուկաշենկոյի հետ բանակցություններում. WSJ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Ջոն Քոուլը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցությունների ընթացքում քննարկել է նիհարեցնող դեղամիջոց՝ միաժամանակ զբաղվելով քաղաքական բանտարկյալների ազատման հարցով։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Քոուլի դեկտեմբերյան այցի ընթացքում Լուկաշենկոն նկատել է, որ ամերիկացի բանագնացը զգալիորեն նիհարել է և հետաքրքրվել՝ ինչի շնորհիվ։ Քոուլը պատասխանել է, որ օգտագործել է ամերիկյան դեղամիջոց՝ Zepbound ներարկումները, և խոստացել է դրանք փոխանցել Լուկաշենկոյին։
«Աշխարհի ամենախիստ ռեպրեսիվ ռեժիմներից մեկի հետ գործ ունենալիս Թրամփի բանագնացը Zepbound-ի միջոցով մտերմացել է բելառուսական բռնապետի հետ և հասել հարյուրավոր բանտարկյալների ազատման»,- նշվում է հոդվածում։
WSJ-ի փոխանցմամբ՝ Լուկաշենկոն ցանկանում էր, որ Վաշինգտոնը մեղմի Բելառուսի նկատմամբ կիրառված պատժամիջոցները, իսկ դրա դիմաց պատրաստ էր «առևտուր անել այն ռեսուրսով, որն առատ ունի՝ քաղաքական բանտարկյալներով»։ Պարբերականի կարծիքով՝ այս գործընթացը կարող է նաև դիտարկվել որպես «փորձնական քայլ» Թրամփի վարչակազմի ավելի լայն նպատակի համար՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և ՌԴ տնտեսությունը միջազգային մեկուսացումից դուրս բերելու ուղղությամբ։
Հոդվածում նշվում է նաև, որ Քոուլը միջազգային հարաբերությունները համեմատել է դպրոցական ճաշարանի հետ՝ ասելով Լուկաշենկոյին, որ վերջինս այժմ նստած է «անհաջողակների սեղանի» շուրջ՝ Վենեսուելայի, Իրանի և Հյուսիսային Կորեայի հետ, սակայն ԱՄՆ-ի աջակցությամբ կարող է տեղափոխվել «քուլ տղաների սեղան»։
WSJ-ի տվյալներով՝ Քոուլի Բելառուս կատարած այցերից հետո՝ հունիսին և սեպտեմբերին, ազատ է արձակվել 66 մարդ։ Դեկտեմբերի 13-ին ԱՄՆ-ը հայտարարել է բելառուսական կալիումի նկատմամբ պատժամիջոցների վերացման մասին։ Բանակցությունների արդյունք է դարձել նաև Ալես Բելյացկու, Վիկտոր Բաբարիկոյի, Մարիա Կոլեսնիկովայի և ևս շուրջ 120 քաղաքական բանտարկյալի ազատումը։
The post Նիհարեցնող դեղը՝ որպես քաղաքական սակարկության գործիք Լուկաշենկոյի հետ բանակցություններում. WSJ first appeared on MediaLab Newsroom-Laboratory.
