«Կարելի է և թույլատրելի է». Ինչով է «վտանգավոր» Փաշինյանի հայտարարությունը
Չնայած այն սպասումներին, որ կիրակի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է մասնակցեր Էջմիածնի Մայր տաճարում մատուցվող պատարագին, այսօր նա հայտարարեց, որ կմասնակցի Գառնու Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցվող պատարագին։ Նույն ուղերձում նա անդրադարձավ նաև պատարագի ընթացքում կաթողիկոսի անվան հիշատակման հարցին։
Վարչապետի խոսքով՝ կան քաղաքացիներ, որոնք տարբեր եկեղեցիներում պատարագի ժամանակ, երբ հնչում է Կտրիճ Ներսիսյանի անունը, ցանկանում են հենց այդ պահին արտահայտել իրենց բողոքը, և նման վարքագիծը, նրա գնահատմամբ, «կարելի է և թույլատրելի է»։
Փաշինյանի հայտարարությունը վերաբերում է Հայաստանի ամբողջ տարածքում գործող հարյուրավոր եկեղեցիներում մատուցվող պատարագներին, որտեղ այսօր Հայաստանյայց Եկեղեցու պատարագի հաստատված ծիսակարգով կաթողիկոսի անվան հիշատակումը եկեղեցական կանոնի բաղադրիչ է։
Վարչապետի հայտարարությամբ բողոքի վարքագիծը փաստացի ներկայացվում է որպես ընդունելի ոչ թե քաղաքական հարթակներում, այլ հենց ծիսական արարողության ընթացքում։ Սա նշանակում է, որ պատարագի ընթացքի կառուցվածքային տարրերից մեկը կարող է վերածվել հակասության՝ ցանկացած եկեղեցում և ցանկացած կիրակի։
Նման զարգացման հետևանքները անկանխատեսելի են։ Պատարագներին ներկա են լինում տարբեր դիրքորոշումներ ունեցող հավատավորներ․ ոմանք կարող են սատարել կաթողիկոսին, մյուսները՝ ոչ, ոմանք կարող են դա ընկալել որպես եկեղեցական կանոնի խախտում, մյուսները՝ որպես ընդունելի վարքագիծ, և այդ հակասությունները տեղափոխվելով եկեղեցի, բնականաբար մեծացնում են հնարավոր վեճերի հավանականությունը։
Խնդիրը խորանում է նաև այն հանգամանքով, որ պատարագների ընթացքում եկեղեցու տարածքում սովորաբար չկա անվտանգության կամ ոստիկանության մշտական ներկայություն, ինչպես լինում է Փաշինյանի մասնակցած պատարագների դեպքում։
Ծիսական արարողությունը նախատեսված չէ լարված իրավիճակների կամ վեճերի համար, և ցանկացած հակադրություն դժվար կլինի արագ հանգուցալուծել, իսկ նման միջադեպերը կարող են եկեղեցիները վերածել մշտական լարվածության տարածքի։
Սա ունի նաև սոցիալական երկարաժամկետ հետևանքներ։ Շատ քաղաքացիներ եկեղեցի են այցելում քաղաքական միջավայրից դուրս մնալու, խաղաղության և հոգևոր հանգստության համար։ Եթե պատարագը սկսի ընկալվել որպես պոտենցիալ բախման վայր, մարդիկ կարող են պարզապես դադարեցնել այցելությունները, իսկ դրանից տուժում են ոչ թե առանձին հոգևորական կամ քաղաքական գործիչներ, այլ Եկեղեցին՝ որպես հասարակական համերաշխության կարևոր հենասյուն։
Մնում է հուսալ, որ պատարագները չեն վերածվի քաոսի:
Մարի Ներսեսյան
MediaLab.am
The post «Կարելի է և թույլատրելի է». Ինչով է «վտանգավոր» Փաշինյանի հայտարարությունը first appeared on MediaLab Newsroom-Laboratory.
