Գերմանիայում կոչ են անում խստացնել հրավառությունների կիրառման կանոնները՝ բնապահպանական և անվտանգային ռիսկերի պատճառով
Գերմանիայի բնապահպանական կազմակերպությունները կոչ են անում խստացնել հրավառությունների կիրառման վերաբերյալ օրենսդրությունը՝ մատնանշելով դրանց պատճառած լուրջ բնապահպանական և առողջապահական ռիսկերը։
«Մենք կրկին ականատես եղանք շրջակա միջավայրի համար վնասակար քիմիական նյութերի զանգվածային արտանետումների, բարձր փոշային մթնոլորտի և մեծ քանակությամբ աղբի առաջացման»,-հայտարարել է Գերմանիայի «Բնության և կենսաբազմազանության պահպանության միության» (NABU) նախագահ Յորգ-Անդրեաս Կրյուգերը՝ Նոր տարվա գիշերվա հետևանքները գնահատելով «կործանարար»։
Այս մասին գրում է Deutsche Welle-ն։ Ըստ հրապարակման՝ բնապահպանական և հասարակական ավելի քան 60 կազմակերպություններ առաջարկում են ամբողջ երկրի տարածքում արգելք սահմանել մասնավոր հրավառությունների վրա՝ շեշտելով, որ նման քայլը «իրավական տեսանկյունից իրագործելի է» և ունի հասարակական լայն աջակցություն։
Կազմակերպությունները նախազգուշացնում են, որ հրավառությունները ոչ միայն աղտոտում են օդը և վնասում կենդանական աշխարհին, այլ նաև առաջացնում են բազմաթիվ այրվածքներ, վթարներ և հավելյալ ծանրաբեռնվածություն շտապօգնության ծառայությունների վրա։ Միևնույն ժամանակ նշվում է, որ Նիդեռլանդներում նման արգելք արդեն գործում է, մինչդեռ Գերմանիայում ներկայումս սահմանափակումները կիրառվում են միայն որոշակի շրջաններում։
The post Գերմանիայում կոչ են անում խստացնել հրավառությունների կիրառման կանոնները՝ բնապահպանական և անվտանգային ռիսկերի պատճառով first appeared on MediaLab Newsroom-Laboratory.
