Իրանը շարունակել է հարվածները հարևան երկրներին՝ չնայած նախագահի ներողությանը. Deutsche Welle
Իրանը մարտի 7-ի առավոտից շարունակել է հարվածներ հասցնել հարևան երկրներին՝ չնայած ավելի վաղ նախագահ Մասուդ Փեզեշքիանի ներողությանը և հարվածները դադարեցնելու խոստմանը։
Ինչպես հաղորդում է Deutsche Welle-ն, ԱՄԷ-ի իշխանությունները հայտնել են, որ Իրանը երկրի ուղղությամբ արձակել է 16 հրթիռ և 121 անօդաչու թռչող սարք։ Պաշտոնական աղբյուրների համաձայն՝ այդ հարվածները տեղի են ունեցել «չնայած Իրանի նախագահի՝ հարևան երկրների նկատմամբ հարվածները դադարեցնելու խոստմանը»։
Իրանի հարվածների մասին հայտարարել են նաև Քաթարի և Բահրեյնի ռազմական գերատեսչությունները, սակայն մանրամասներ չեն հրապարակել։
Սաուդյան Արաբիան էլ հայտնել է, որ երկրի ռազմաօդային ուժերը մի քանի անօդաչու թռչող սարք են խոցել Շայբա նավթահանքավայրի շրջանում, ինչպես նաև երկու հրթիռ՝ Էր-Ռիադից հարավ-արևելք գտնվող ամերիկյան ավիաբազայի մոտակայքում։
Նույն օրը ավելի վաղ Իրանի պետական հեռուստատեսությունը հրապարակել էր նախագահ Մասուդ Փեզեշքիանի ուղերձը, որտեղ նա ներողություն էր խնդրել հարևան երկրներից՝ նրանց տարածքներին հասցված հարվածների համար։ Նա հայտարարել էր, որ Իրանը կդադարեցնի հարվածները այլ պետությունների ուղղությամբ, եթե այդ երկրների տարածքներից հարվածներ չիրականացվեն Իրանի դեմ։
Նախագահի խոսքով՝ այդ որոշումը ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության ժամանակավոր ղեկավարող խորհուրդը։
Սակայն ավելի ուշ Իրանի զինված ուժերի հրամանատարական կենտրոնը հայտարարել է, որ ամերիկյան և իսրայելական ռազմական օբյեկտների դեմ հարվածները կշարունակվեն՝ անկախ այն բանից, թե որտեղ են դրանք գտնվում։
The post Իրանը շարունակել է հարվածները հարևան երկրներին՝ չնայած նախագահի ներողությանը. Deutsche Welle first appeared on MediaLab Newsroom-Laboratory.
