Փաշինյանը նախկին իշխանության գործերով «տեսարաններ» է մատուցում ու պահում «հեղափոխական մթնոլորտը». Անի Սամսոնյան
«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը
– Տիկի՛ն Սամսոնյան, Հակակոռուպցիոն դատարանը Սերժ Սարգսյանի եղբորը՝ Ալեքսանդր Սարգսյանին (Սաշիկ) կալանավորելու որոշում է կայացրել։ Ո՞րն է ձեր քաղաքական գնահատականը այս հարցի վերաբերյալ:
– Նիկոլ Փաշինյանը ժողովրդին խաբել է, նա երբեք իր առաջ նպատակ չի դրել թալանը վերադարձնելու կամ արդարության հասնելու այն իմաստով, ինչպես պատկերացնում էր ժողովուրդը: Նախկին իշխանության ներկայացուցիչները, նրանց հետ փոխկապակցված անձինք՝ բոլորը Փաշինյանի համար քաղաքական ֆիգուրներ են, որոնք պետք է մնան ազատության մեջ, իրենց փողը ծախսեն քաղաքականության մեջ ու ժամանակ առ ժամանակ մեկ-երկու ամսով կալանավորվեն ու բաց թողնվեն, որպեսզի Փաշինյանի հեղափոխական մթնոլորտը չմարի:
Գրեթե վստահ եմ, որ Փաշինյանն ունի հատուկ պահարան, որտեղ պահում է թղթապանակներ, որոնք կոնկրետ քրգործեր են մարդկանց անուն-ազգանուններով, ու այն իրավիճակներում, երբ Փաշինյանի վարկանիշը ցածր է լինում կամ նախընտրական շրջան է, Փաշինյանը հրահանգ է իջեցնում արդարադատության համակարգին, որ այդ գործերը բացվեն, կալանավորվողներ լինեն, որպեսզի ժողովրդին այդ կերպ տեսարաններ մատուցի:
– Հանրությունը սպասելիքներ ուներ, որ նույն Սաշիկ Սարգսյանին ու այս իշխանության կողմից առավել քննարկված դեմքերին հեղափոխական իշխանությունը պետք է ձերբակալեր հենց 2018-ին: Ինչո՞ւ 8 տարի անց միայն այս որոշումը կայացվեց, օրինակ՝ իշխանության ներկայացուցիչներն ասում են, որ նման գործերը մեկ-երկու օրվա քննության չեն, դրանք ժամանակ են պահանջում, ու ամենևին չպետք է զարմանալ, որ այսքան տարի անց է նման որոշում կայացվում, համակարծի՞ք եք:
– Իհարկե ապօրինի գույքի վերադարձման գործընթացը բարդ է, բայց այն չի կարող 8 տարի տևել: Արդեն 8 տարի է Նիկոլ Փաշինյանն ու այս իշխանությունը խաբում են ժողովրդին, թե գործերն ավարտին չեն հասնում, որովհետև բարդ են, բայց իրականում Նիկոլ Փաշինյանն օգտվում է այդ մարդկանց ծառայությունից՝ իր հեղափոխական իմիջը պահպանելու համար:
– Տիկի՛ն Սամսոնյան, նման գործողությունները նախընտրական շրջանում իշխանության վարկանիշը բարձրացնելո՞ւ են հանրության աչքում:
– Իհարկե, կա ընտրողների մի շրջանակ, որ Նիկոլ Փաշինյանից զատ այլ մարդու չի տեսնում, չի էլ ուզում տեսնել, այդ շրջանակն իհարկե Սերժ Սարգսյանի եղբորը կալանավորելու տեսարանը կգնահատի ու կուրախանա, բայց կան նաև մարդիկ, որոնք թեկուզ ժամանակին ընտրել են Փաշինյանին, սակայն նրանց աչքերն արդեն բացվել են, ու հասկացել են, որ Փաշինյանը նման կիսատ-պռատ գործերով ու կալանավորումներով մաքրում է այդ մարդկանց կենսագրությունը, ինչպես Ռոբերտ Քոչարյանի դեպքում էր: Այս մարդիկ այլևս չեն խաբվելու, հետևաբար դրական առումով վարկանիշի վրա մեծ ազդեցություն չի ունենա:
– Իշխանության կողմից իրականացվող մարզային շփումները ինչպե՞ս եք գնահատում, այստեղ պաշտոնեական դիրքի չարաշահում կամ այլ ռիսկեր նկատու՞մ եք:
– Այդ շփումները բնական են, որովհետև քարոզարշավ անել ու ասելիքդ մարդկանց հասցնել 20 օր տևող քարոզարշավի ընթացքում դժվար է, ոչ մի քաղաքական ուժ չի կարողանում իր ասելիքը լիարժեք տեղ հասցնել այդ ընթացքում: Դրա համար բոլորը շուտ են սկսել քարոզարշավը, ու նորմալ է, որ շուտ են սկսել:
Վարչական ռեսուրսի չարաշահման հարց մշտապես լինելու է, իշխանությունը չի կարող առանց դրա վերընտրվել: Մարզային շփումների ընթացքում նկատում եմ, որ կիրառում են թատերականացված մեթոդներ, երբ Փաշինյանը շրջում է, քաղաքացիներ են մոտենում, նրան ջերմ խոսքեր են ասում, իմացեք, որ դրանց մի մասը բեմականացված է, այդ մարդիկ իրենց դերն են կատարում, որը նախապես համաձայնեցված է:
– Այս շրջանում Նիկոլ Փաշինյանի, իր թիմակիցների կողմից գրեթե չենք լսում Եկեղեցու, իրենց խոսքով՝ բարենորոգման, Վեհափառին հեռացնելու մասին հայտարարություններ, ինչո՞վ եք սա բացատրում:
– Ինչպես տեսնում ենք, Փաշինյանի արշավը Եկեղեցու դեմ հաջողության չհասավ, Եկեղեցին շատ ամուր է: Խայտառակվեցին Փաշինյանն ու այն եպիսկոպոսները, որոնք որոշեցին Եկեղեցուն դեմ գնալ ու մտնել Փաշինյանի կեղտոտ քաղաքական խաղերի մեջ։ Փաշինյանը հանգստացել է Եկեղեցու մասով, որովհետև հասկացել է, որ դա մեծ հարված է հասցնում իր վարկանիշին: Ժողովուրդն իրապես չպաշտպանեց նրա այս նախաձեռնությունը ու ճիշտ արեց, որովհետև հասկացավ, որ սա միայն Կաթողիկոս փոխելու հարց չէ, սա արտաքին քաղաքական պատվեր է, որ նպատակ ունի քանդել Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին:
Մինչև ընտրություններ մենք այլևս չենք տեսնելու շատ ակտիվ գործողություններ Եկեղեցու դեմ, հակառակը՝ տեսնում ենք, որ կալանավորված սրբազանների խափանման միջոցներն են փոխում: Եթե ՔՊ-ն ընտրություններում ձայների մեծամասնություն ստացավ, ապա այս արշավը վերսկսելու է ընտրություններից հետո:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am
The post Փաշինյանը նախկին իշխանության գործերով «տեսարաններ» է մատուցում ու պահում «հեղափոխական մթնոլորտը». Անի Սամսոնյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.
